02/12/2022 20:26
Ճգնաժամ, սթրես և հոգեկան հավասարակշռություն․ Համատեղելի՞ են, թե՞ ոչ․ Պատասխանում է հոգեբանը
Կյանքը մեր օրերում լի է անորոշություններով, տագնապով, անհանգստություններով։ Հենց այս ժամանակ է էլ ավելի կարևորվում ներքին հանգստություն պահպանելու անհրաժեշտությունը։ Հոգեբան Դմիտրի Բերգերը ժամանակակից մարդու համար մի քանի ցուցումներ ունի, որոնք կարող են օգնել նրան՝ պահպանել կայուն հոգեվիճակ։
«Վերջին ժամանակաշրջանում աշխարհում զարգացող իրադարձությունները մարդկանց մոտ տագնապի ու անորոշության զգացողություններ են արթնացնում․ լուրերից, նորություններից հորդող ճիշտն ու սուտը, իրար խառնված, խարխլում են այն սյուները, որոնց ավանդաբար սովոր էին հենվել մարդիկ, և զրկում են նրան պաշտպանված ու անվտանգ լինելու զգացողությունից»,- նշում է հոգեբանը՝ հավելելով, որ որոշ դեպքերում դա առաջացնում է նույնիսկ ավելորդ խուճապ։
Հենց այսպիսի հոգեվիճակից խուսափելու և հոգեկան հավասարակշռություն պահպանելու համար էլ հոգեբանը նշում է՝ մարդն ինքն իրեն օգնելու համար առաջին հերթին պետք է լարի մտավոր կարողություններն ու իրար հաջորդող փաստերը վերլուծելով՝ փորձի հասկանալ՝ ինչ է կատարվում իրականում, ինչպես է հարկավոր վարվել՝ ինչ հստակ քայլեր անել և ինչպես դուրս գալ անորոշության համակող զգացումից։
Ինֆորմացիան «կլանելուց» առաջ անհրաժեշտ է հիմնվել հավաստի աղբյուրների վրա, անդադար «չքչփորել» համացանցը՝ նոր բամբասանքներ ու չճշտված լուրեր հավաքելու նպատակով։
Ուղեղի համար հարկավոր է որոշակի «կարանտին» սահմանել, ուշադրությունը կենտրոնացնել այլ հարցերի վրա, երբեմն նույնիսկ՝ կենցաղային, որոնք ֆիզիկական աշխատանք են պահանջում, սակայն չեն ենթադրում մտավոր մեծ ջանքեր, զբաղեցնելով ձեռքերը՝ թողնում են, որ ուղեղը մի փոքր հանգստանա։ Օգնում են նաև շնչառական հանգստացնող վարժությունները։
Ինքնատիրապետման հասնելու հարցում շատ կարևոր է նաև դիսցիպլինան՝ կարգուկանոնը։ Այս առումով կարելի է օրվա գրաֆիկ՝ ռեժիմ սահմանել և հստակ հետևել դրան՝ որոշ ժամանակ։ Օրվա գրաֆիկում իրենց հստակ ժամերը պետք է ունենան ինչպես աշխատանքը, այնպես էլ, ինչը շատ կարևոր է, հոգևոր սնունդ ստանալը՝ դասական երաժշտություն լսելը, ընթերցանությունը, թանգարաններ, ցուցասրահներ այցելելը և այլն, ինչը մարդու ներքուստ հարստացնելուց զատ՝ հանգստացնում է նաև նյարդերը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։