02/12/2022 11:40
Արցախի հանձնման գնով հնարավոր չէ ապահովել խաղաղություն. դա բերելու է Հայաստանի կապիտուլյացիայի. Անդրանիկ Թևանյան (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը սխալ է համարում այն մոտեցումը, համաձայն որի՝ «Ղարաբաղից ձերբազատվելով՝ կարող ենք հասնել խաղաղության ու բարգավաճման»։
«Ճիշտ հակառակը, մենք գտնում ենք, որ այդ քաղաքականությունը բերելու է ու ժամանակին էլ՝ 2020 թվականին, բերել է պատերազմի ու այս անգամ շատ ավելի լուրջ հարվածներ կստանանք, եթե այդ քաղաքականությունը շարունակվի», - Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց Թևանյանը
Նա նշեց, թե իրենք կողմ են խաղաղությանն ու տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, բայց դա չպետք է իրականացվի ՀՀ ինքնիշխան տարածքով միջանցքի տրամադրման միջոցով, չպետք է լինի շանտաժի ու ճնշման ներքո, չպետք է լինի ուժի կիրառման միջոցով։
«Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում ու դա այն կարևորագույն երաշխիքներից է, որի շրջանակներում մենք հնարավորություն կունենանք ապահովել արցախահայության ազատությունը, իրավունքներն ու ազատությունը։ Մենք համոզված ենք, որ Արցախի հանձնման գնով հնարավոր չէ ապահովել խաղաղություն, ճիշտ հակառակը, դա բերելու է պատերազմի ու պարտության, այս անգամ՝ Հայաստանի կապիտուլյացիայի, համոզված ենք, որ արցախահայության իրավունքների պաշտպանությամբ մենք պաշտպանում ենք ոչ միայն Ստեփանակերտը, այլև՝ Վարդենիսը, Գորիսը, Ստեփանավանը, Երևանը, Գյումրին ու մյուս բոլոր քաղաքները», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։
Նա միջազգային հանրությանը կոչ արեց ներդնել բոլոր ջանքեը՝ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման համար։