02/12/2022 13:12
Մանդատս վայր չեմ դնելու. ՀՅԴ-ում որոշում կա. Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պատգամավորական մանդատը վայր չի դնի. ՀՅԴ-ն է այդպես որոշել։
«Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմինը որոշում է ընդունել, որ ԱԺ «Հայաստան» դաշինքի բոլոր դաշնակցական պատգամավորները՝ այդ թվում և Իշխան Սաղաթելյանը, մանդատները վայր չեն դնելու», - խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Չեմ թաքցնի՝ այո՛, նման քննարկումներ եղել են, բայց ՀՅԴ-ի ներսում անհատական մոտեցումներ չկան, եղել է որոշում, որ բոլոր պատգամավորները մասնակցելու են խորհրդարանական աշխատանքներին ու վայր չեն դնելու մանդատները, հետևաբար, ես իմ մանդատը վայր չեմ դնելու, եթե մենք դնեինք՝ դնելու էինք բոլորս, եթե որոշում ենք, որ մասնակցում ենք՝ մասնակցելու ենք բոլորս», - նշեց նա։
Ինչ վերաբերվում է «Վերածնվող Հայաստան» կուսակցության որոշմանը՝ վայր դնել մանդատներն ու դադարեցնել խորհրդարանական աշխատանքները, Սաղաթելյանը հրաժարվեց մեկնաբանել գործընկերների որոշումը։
Հիշեցնենք՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։
Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրելիրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:
Զեմֆիրա Միրզոևան, ով ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացնում է Հայաստանի ասորական համայնքն ու խորհրդարան է անցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների «Հայաստան» դաշինքի համապետական ցուցակի երկրորդ մասով ազգային փոքրամասնությունների համար նախատեսված քվոտայով, կշարունակի պատգամավորական գործունեությունը՝ սեփական դիմումի համաձայն ժամանակավորապես սառեցնելով կուսակցությանն իր անդամությունը։
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցությունից մանդատնեը վայր էին դրել Արամ Վարդևանյանն ու Արթուր Ղազինյանը։