02/12/2022 12:14
Հնարավոր ռազմական սադրանքներն Ադրբեջանի կողմից բացառելը գրեթե անհնար է. Էդուարդ Աղաջանյան (Տեսանյութ)
Շարունակվում է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը հրավիրվել է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ։
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է համարժեք պատասխան տալ Ադրբեջանին՝ ընդունելով Ազգային ժողովի համատեղ հայտարարություն։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ասաց, թե ընդդիմության առաջարկը քննարկվել է ՔՊ խմբակցության հետ։
Նրա խոսքով՝ առաջարկվող նախագծում կային բազմաթիվ դրույթներ, որոնք համահունչ են իրենց պատկերացումներին, ինչպես նաև կա քաղաքական կամք՝ ԱԺ անունից հանդես գալ ընդհանոր հայտարարությամբ։
«Չնայած որ կային բավականին մեծ թվով դրույթներ, որոնց շուրջ հնարավոր եղավ գալ համաձայնության, այնուամենայնիվ, ցավոք, կային որոշ ձևակերումներ, որոնց հետ կապված դիրքորոշումները երկու կողմերի մոտ սկզբունքային էին, ըստ այդմ՝ համաձայնության գալու հնարավորություն չեղավ», - ասաց Աղաջանյանը։
Նա ասաց, թե «Հայաստան» խմբակցության առաջարկվող ձևակերպումները նախապատերազմյան արտաքին քաղաքականության տրամաբանության շարունակությունն ու կրկնությունն են։
«Մեր գնահատականն այն է, որ 30 տարի շարունակվող արտաքին քաղաքականության արդյունքն ու հետևանքն այն ստատուս քվոն է, որն արձանագրված է այսօր։ Ի հակադրումն այս դիրքորոշման՝ հնչում է հետևյալ կարծիքը՝ «փաստացի, հետպատերազմյան գործընթացները գալիս են ապացուցելու, որ խաղաղության օրակարգը նույնպես չի երաշխավորում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգություն»։ Պետք է վստահորեն արձանագրեմ հետևյալը՝ ցավալիորեն, հաշվի առնելով վերջին շրջանում աշխարհաքաղաքական գլոբալ զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող դեստրուկտիվ քաղաքականությունը, որևէ բան բացառելը գրեթե անհնար է, այդ թվում՝ հնարավոր ռազմական սադրանքներն Ադրբեջանի կողմից, սակայն մի բան մեզ համար հստակ է ու աներկբա՝ խաղաղության օրակարգից բխող դիվանագիտությունն է գլխավոր, եթե ոչ միակ պատճառը, որ յուրաքանչյուր ադրբեջանական սադրիչ գործողությանը հետևում է միջազգային հանրության այդչափ միահամուռ դատաապարտող գնահատական», - հայտարարեց Էդուարդ Աղաջանյանը։
ՔՊ-ական պատգամավորը նշեց, թե ընդդիմության առաջարկած ձևակերպումները չէին նպաստի կոնսոլիդացիայի ձևավորմանը, այլ՝ ուղիղ հակառակը, հնարավոր ռիսկեր կառաջացնեին։
«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվող տերմինաբանությունն առաջացնում է ավելի շատ ռիսկեր, քան՝ նպաստում է Հայաստանի խաղաղության օրակարգի առաջխաղացմանը ու մենք, որպես ՀՀ իշխանություն, չենք կարող ընդունել մի հայտարարություն, որը պարունակում է նման ռիսկեր», - ընդգծեց Աղաջանյանը։