02/12/2022 14:58
Ադրբեջանին համարժեք պատասխան տալու ընդդիմության առաջարկած նախագիծը չընդունվեց. ՔՊ-ն չմասնակցեց քվեարկությանը
Ազգային ժողովը չընդունեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը։
Նախագծին կողմ քվեարկեց 31 պատգամավոր։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։ Այսպիսով՝ որոշումը չընդունվեց։
Հիշեցնենք՝ հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հայտարարել էր, թե Ադրբեջանի հայտարարության մեջ նենգափոխվել է ղարաբաղյան հակամարտության էությունը, դրա ծագման պատճառները։ Նա նշել էր, որ Հայաստանի Ազգային ժողովը պարտավոր է համարժեք պատասխան տալ Ադրբեջանի հայտարարությանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն էլ ընդգծել էր՝ ընդդիմության առաջարկած ձևակերպումները չէին նպաստի կոնսոլիդացիայի ձևավորմանը, այլ՝ ուղիղ հակառակը, հնարավոր ռիսկեր կառաջացնեին։
«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվող տերմինաբանությունն առաջացնում է ավելի շատ ռիսկեր, քան՝ նպաստում է Հայաստանի խաղաղության օրակարգի առաջխաղացմանը ու մենք, որպես ՀՀ իշխանություն, չենք կարող ընդունել մի հայտարարություն, որը պարունակում է նման ռիսկեր», - ասել էր Աղաջանյանը։
Հայտարարության տեքստը՝ հղմամբ։