02/12/2022 10:06
«Հրապարակ». «Հայաստան» դաշինքի պատգամավորության մի շարք թեկնածուներ մանդատները չեն վերցնի
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» դաշինքի պատգամավորության մի շարք թեկնածուներ չեն վերցնի մանդատները։ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի հարսը, ով ցուցակում 36-րդն է, և Արամ Վարդևանյանի հրաժարականից հետո հերթը նրանն էր, չի ցանկանում բժշկի աշխատանքը փոխել պատգամավորականով։ Մանդատից հրաժարվելու մասին խմբակցությանը տեղեկացրել է նաև ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ով վերջերս է վերընտրվել դեկանի պաշտոնում։ Մանդատը կվերցնի ցուցակի 38-րդ համարը՝ Մհեր Սահակյանը, ով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի օգնականն է՝ հասարակական հիմունքներով, ինչպես նաև «Գրանդ հոլդինգի» Վարդանյանների փեսայի՝ 2003-2008 թթ․ ՀՅԴ քվոտայով ԱԺ պատգամավոր Սամվել Սահակյանի որդին։
«Վերածնված Հայաստան» կուսակցության անդամ, ցուցակի 39-րդ համար Մարիա Պետրոսյանը և 41-րդը՝ Ռոբերտ Հայրապետյանը, նույնպես մանդատից կհրաժարվեն։ Նման մտադրություն ունի նաև ոստիկանության պահեստի գնդապետ Սայաթ Շիրինյանը, ով Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներից է, սակայն մի քանի ամիս է՝ գտնվում է Ղազախստանում՝ իր բիզնես-գործերով։ Ցուցակի հաջորդ երեք համարները, որոնք էլ կդառնան պատգամավոր, դաշնակցական Արփինե Վարդանյանն է՝ Թալինից, Զոլաքարի համայնքապետ Արման Ղազարյանը և հայտնի մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ Ռոբերտ Սահակյանցի որդին։ Այսպիսով՝ «Հայաստան» խմբակցությունը կունենա 19 տղամարդ և 10 կին պատգամավոր և ԸՕ պահանջը՝ սեռային համամասնության 30 տոկոսի մասով, կատարած կլինի»։