03/12/2022 14:56
Սա ուղղված է ռուս խաղաղապահների դեմ, սա ապտակ է միջազգային հանրությանը. Դավիթ Բաբայանը՝ ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու մասին
Սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի՝ հայատյաց, մարդատյաց, ցեղասպան քաղաքականության շարունակություն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու դեպքին։
«Սա սպասելի էր, Ադրբեջանից ամեն ինչ էլ պետք է սպասել։ Սա ևս մեկ անգամ մեզ պետք է իլյուզիաների դաշտից դուրս բերի։
Պարզ է, որ սա ուղղված է ռուս խաղաղապահների դեմ, սա ապտակ է միջազգային հանրությանը, քաղաքակիրթ աշխարհին. այսպիսի արարքները պետք է ոչ միայն անվերապահորեն դատապարտվեն, այլ նաև Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի։
Չպետք է սահմանափակվեն ինչ-որ զրույցներով, կոչերով, փիլիսոփայական հայտարարություններով, այդ ամենի ժամանակն արդեն անցել է։ Պետք է կոշտ ճնշում լինի Ադրբեջանի վրա», - ասաց Դավիթ Բաբայանը։
Նա նշեց, որ այս պահին իրադրության որևէ փոփոխություն չկա, ճանապարհը շարունակում է փակ մնալ։
«Նրանց հետ բանակցում են խաղաղապահները», - ասաց Բաբայանը։
Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց նաև, որ շուտով ԱԳՆ-ն դեպքի վերաբերյալ կհրապարակի պաշտոնական հայտարարություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: