03/12/2022 16:14
Սա այն էր, ինչը մենք կանխատեսում էինք․ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ադրբեջանական վերջին սադրանքին․ ինչպես հայտնի է, Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ կտրելով Արցախի միակ ցամաքային կապը Հայաստանի հետ։
«Սա այն է, ինչը որ մենք կանխատեսում էինք, որ Ուկրաինայում Ռուսաստան- ՆԱՏՕ հակամարտությանը զուգահեռ՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կամ ՆԱՏՕ-ին մերձ շրջանակները փորձելու են Ռուսաստանի սահմանների ողջ երկայնքով, այդ թվում՝ Հարավային Կովկասում, Արցախում, միգուցե նաև Հայաստանում նոր պրովոկացիաների գնալ և դրդել նոր բախումների։
Փաստորեն, հիմա այն, ինչը որ անում է Ադրբեջանը, անում է իբրև քաղաքացիական մարդկանց տեսքով, սակայն ակնհայտ է, որ դրանք հատուկ ծառայությունները կամ նույնիսկ թուրքական, առնվազն Թուրքիայում ՆԱՏՕ-ի դպրոցներում սովորածներն են։ Ադրբեջանը փակում է ՀՀ և Արցախի Հանրապետության միջև միակ ցամաքային կապը։ Սա, փաստորեն, հումանիտար աղետ է, եթե այս խնդիրը շտապ չլուծվի»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ խնդրի լուծման ակնկալիքը Ռուստաստանի Դաշնությունից է, քանի որ Արևմուտքը միայն հայտարարություններ է անում, իսկ ՀՀ գործող իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից։
«Այս մարդիկ վաղուց իրենց ձեռքերը լվացել են Արցախից։ Արևմուտքի հայտարարություններն օգուտ չեն տալիս, Արևմուտքի հայտարարությունները եթե օգուտ տված լինեին, այսօր ԵՄ անդամ Կիպրոսի Հանրապետության 38 տոկոսը Թուրքիայի կողմից օկուպացված չէր լինի։ Դրա համար ես կարծում եմ, որ այստեղ մենք ակնկալիք ունենք ռուս խաղաղապահներից, ակնկալիք ունենք ՌԴ մեր դաշնակիցներից։ Դիվանագիտական ճանապարհով կլինի, համոզելով կլինի, պարտադրելով կլինի, բայց օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ-Արցախ ցամաքային կապը աշխատի, մանավանդ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքի պահպանությունը ռուս խաղաղապահներինն է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Նշենք, որ Շարմազանովի հայտարարությունից կարճ ժամանակ անց Արցախի տեղեկատվական շտաբից հաղորդեցին, որ ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք: Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17