03/12/2022 16:02
Այս ահաբեկչական քայլը խարխլում է Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունը և նենգ հարված է ՌԴ խաղաղապահ առաքելությանը․ Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանի հերթական սադրանքին:
«Դեկտեմբերի 3-ի կեսօրին ադրբեջանական կողմը դիմել է հերթական սադրանքին՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում փակել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ այդպիսով կտրելով Արցախի կապը Հայաստանի հետ և հաղորդակցությունը Շուշիի շրջանի Բերդաշենի ենթաշրջանի գյուղերի հետ:
Այս անմարդկային արարքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախը հայաթափելու, այնտեղ էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի գերնպատակը մնացել է անփոփոխ:
Այս ահաբեկչական քայլը նաև խարխլում է Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունը և նենգ հարված է հասցնում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությանը:
Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ու գործողությունները լուրջ մարտահրավեր են քաղաքակիրթ աշխարհին և ակնհայտ անհարգալից ու արհամարհական վերաբերմունք՝ միջազգային իրավունքի նկատմամբ:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի պետական հայատյաց քաղաքականությունը և գործուն քայլեր ձեռնարկել՝ սանձազերծելու ագրեսորին», - ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք:
Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար: