03/12/2022 10:04
«Ժողովուրդ». Ռուբեն Վարդանյանը ռեսուրս չունի՞, ինչո՞ւ չի շտապում նոր նախարարներ նշանակել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի նորանշանակ պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, որ միայնակ տեղափոխվել է Արցախ մշտական բնակության և աշխատելու նպատակով, արդեն քաղաքական մի շարք պայմանավորվածություններ է խախտել: Մասնավորապես, պայմանավորվածություն է եղել, որ Արցախի նախարարները մինչև հունվարի վերջ պետք է աշխատեն, որից հետո Վարդանյանը կձևավորի կաբինետը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ռուբեն Վարդանյանը, ըստ էության, չի պահել խոստումը և աշխատանքային նպատակով նոյեմբերի վերջին հրավիրել է գործադիրի անդամներին, ապա անակնկալ կերպով 1 օր ժամանակ տվել հեռանալու համար: Ինչպես հայտնի է, նոյեմբերի 23-ին 9 նախարար ազատվել էին պաշտոնից. Արցախում 11 նախարարություն կա: Բացի այդ, Ռուբեն Վարդանյանը ոչ միայն պայմանավորվածություն է խախտել, այլ նաև Արցախում առկա ավանդույթները:
Բանն այն է, որ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում ավանդույթ է առկա, որ նախկին նախարարներին ըստ պատշաճի են ճանապարհում՝ աշխատակազմի հետ հրաժեշտի օր կազմակերպելով, սակայն նախարարներ են եղել անգամ, որ իրենց աշխատասենյակի դուռը փակել, բանալին տվել են քարտուղարությանը կամ պարեկին և դուրս են եկել շենքից, առանց պատշաճ շնորհակալության արժանանալու այս տարիների աշխատանքի համար:
Այն, որ Ռուբեն Վարդանյանը ռեսուրս չունի և չի շտապում նոր նախարարներ նշանակել, ապացուցում է այն հանգամանքը, որ, Արցախի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքի համաձայն, 11 նախարարություններից 9-ը ղեկավարում են պաշտոնակատարները. միայն առկա են ՀՀ պաշտպանության նախարար և ներքին գործերի նախարար»։