05/12/2022 19:14
Ցինկի կարևորությունը մարդու սննդակարգում և դեֆիցիտի հիմնական պատճառները
Ցինկի անբավարարություն այս կամ այն կերպ նկատվում է ՀՀ չափահաս բնակչության 30%-ի մոտ։ Ցինկի պակասը ազդում է մեզ շրջապատող աշխարհի և մեր ընկալման վրա՝ հոտառության և համի միջոցով: Ցինկն անհրաժեշտ է ծերացման գործընթացը դանդաղեցնելու, երեխաների և դեռահասների աճի և զարգացման, վերքերի արագ ապաքինման և ոսկորների սնուցման համար:
Ցինկի խիստ անբավարարության դեպքում նոր բջիջներ պարզապես չեն ձևավորվում, իսկ վնասվածները այլևս չեն վերականգնվում, քանի որ սպիտակուցի սինթեզը կատարվում է նաև է ցինկի օգնությամբ։
Ցինկն ունի ևս մեկ հետաքրքիր հատկություն՝ ակտիվացնում է ֆերմենտ, որն ուղղորդում է գլյուկոզան էներգիայի արտադրության համար։ Իսկ ցինկի պակասի դեպքում այս ֆերմենտը դառնում է պասիվ, և գլյուկոզան ուղարկվում է ճարպային հյուսվածք, որն էլ հանգեցնում է ավելորդ կիլոգրամների:
Անհրաժեշտ է նշել նաև, որ ցինկը մասնակցում է ինսուլինի վերջնական ձևավորմանը և այդպիսով պաշտպանում շաքարախտի զարգացումից:
Այսպիսով, մի փոքր քիմիական տարր, որի կոնցենտրացիան արյան մեջ կազմում է ընդամենը 7 - 23 մկմոլ), կարող է ազդել մեր կյանքի որակի վրա՝ փոխելով, նույնիսկ, մեր արտաքին տեսքը:
Ցինկի դեֆիցիտի հիմնական պատճառներից մեկը չափազանց աղի կամ շաքար պարունակող մթերքների երկարատև, չափից ավելի օգտագործումն է: Նաև ցինկը մագնեզիումի հետ ինտենսիվորեն արտազատվում է օրգանիզմից սթրեսի ժամանակ։ Կալցիումի պատրաստուկների անվերահսկելի ընդունումը ևս հանգեցնում է օրգանիզմում ցինկի պարունակության նվազմանը՝ գրեթե 50%-ով:
Մեզ համար այս արժեքավոր տարրի օրական չափաբաժինը փոքր է՝ ընդամենը 15 մգ (0,015 գրամ): Այն կարելի է ստանալ նույնիսկ ամենասովորական սննդի միջոցով։
Այսպիսով, մեկ կիլոգրամի համար, ցորենի թեփը և ցորենի ծիլը պարունակում են 130-ից մինչև 200 մգ ցինկ:
Ցինկի առատ պաշար կարելի է ստանալ այնպիսի մթերքներից, ինչպիսիք են սունկը, ընկույզը, ցորենի ծիլերը, լոբազգիները, բրյուսելյան կաղամբը, ջրիմուռները և այլն:
Պետք է հիշել սակայն, որ ցինկով հարուստ մթերքների չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել պղնձի և նույնիսկ երկաթի անբավարարության: Ուստի այս դեպքում խորհուրդ է տրվում սննդակարգում ավելացնել պղնձի աղերով հարուստ բանջարեղենի ու մրգերի քանակը։
Մթերքների ներքոնշյալ ցանկում ներկայացված է ցինկի պարունակությունը մգ-ով՝ 100 գ արտադրանքի դեպքում։ Այս մթերքների գործածումը առօրյայում կամրապնդի իմունիտետը և կկանխարգելի վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկը.
Քունջութի սերմ՝ 7,75,
Դդմի սերմեր՝ 7.44,
Գետնանուշ՝ 6.68,
Արևածաղկի սերմեր՝ 5.29,
Կոշտ պանիրներ՝ 4.7,
Սոճու ընկույզ՝ 4.62,
Ձվի դեղնուց՝ 3.44,
Տավարի, հորթի միս՝ 3.20,
Ընկույզ՝ 2.73,
Եփած լոբի՝ 1.38,
Ոսպ (խաշած)՝ 1.27,
Եփած ոլոռ՝ 1.00,
Եփած սունկ՝ 0,87,
Տոֆու՝ 0,80,
Սպանախ (եփած)՝ 0,76,
Չորացրած ծիրան՝ 0,74,
Եփած ծաղկակաղամբ՝ 0,31,
Բողկ՝ 0.30։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։