05/12/2022 15:32
Արմեն Աշոտյանի ելքը երկրից արգելվել է կամայականորեն, հեռախոսային իրավունքի ուժով. փաստաբան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ ՀՀ տարածքից դուրս գալը արգելելու մասին որոշումը բողոքարկվել է Գլխավոր դատախազին։
«Սույն թվականի նոյեմբերի 16-ին Արմեն Աշոտյանի ելքը ՀՀ-ից ապօրինաբար սահմանափակելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել էր հաղորդում հանցագործության մասին: Հաղորդումը գլխավոր դատախազության կողմից վերահասցեագրվել էր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին:
Նոյեմբերի 28-ին հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը մերժել է քրեական վարույթը նախաձեռնելը՝ պատճառաբանելով, որ ՀՀ քրեական օրենսգրքում չկա հոդված, որին կհամապատասխաներ հաղորդման մեջ նկարագրված դեպքը: Այսինքն՝ մարդուն առանց որևէ օրինական հիմքի ՀՀ տարածքից դուրս գալը արգելելը, ըստ քննիչի, որևէ հանցագործության հատկանիշ չի պարունակում:
Նման պատասխան ես ակնկալում էի ամենասկզբից և նման մոտեցումը՝ քրեական վարույթ առհասարակ չնախաձեռնելը, միայն հստակ մատնացույց է անում այն, որ Ա.Աշոտյանի ելքը երկրից արգելվել է կամայականորեն, հեռախոսային իրավունքի ուժով՝ բացահայտ արհամարհելով Սահմանադրությունն ու օրենքները:
Քննիչի որոշումն արդեն բողոքարկվել է գլխավոր դատախազին, սպասենք հերթական մերժմանը և կդիմենք դատարան»,- ասվում է Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի տարածած հաղորդագրությունում։
Նշենք նաև, որ երեկ Աշոտյանը մեկնել է երկրից։ Նա հայտարարել է, որ մեկնել է Վիեննա, որովհետև ստացել է հրավեր ավստրիական ուղեղային վերլուծական մի կենտրոնից, որը կազմակերպում է փակ քննարկումներ արցախյան հակամարտության հարցով և աշխատում է Եվրոպական հանձնաժողովի, ԵԱՀԿ հետ միասին: