05/12/2022 19:47
Չնայած խնդիրներին՝ Արցախի պետական ջազ նվագախումբը համերգային ծրագրերով ասում է՝ «Ապրելու ենք»
Արցախի պետական ջազ նվագախմբի ղեկավար Տիգրան Սուչյանի հետ զրույցն արվել է ճիշտ այն օրը, երբ ադրբեջանցի «բնապահպանները» փակել էին Արցախը Մայր Հայաստանին կապող կյանքի ճանապարհը։ Հատկանշական է, որ օրեր առաջ նվագախումբը Երևանի Ճարտարապետների միության դահլիճում համերգ ունեցավ՝ «Ապրելու ենք» խորագրով։
Նորանշանակ ղեկավարն ասում է՝ համերգի խորագիրը պատահական չէր ընտրված. չնայած բոլոր խոչընդոտներին՝ Արցախում նորից կյանք կա, կա նաև երաժշտական կյանք։
Տիգրան Սուչյանը անկեղծանում է՝ այնուամենայնիվ, այս ընթացքում քիչ դժվարություններ չեն հաղթահարել. «Երբ հրավիրեցին Արցախ, նվագախումբը գրեթե կազմալուծված էր, պատերազմից հետո երաժիշտները կյանքի տարբեր ճանապարհներ էին ընտրել, խմբում քիչ գործող երաժիշտներ էին մնացել, բայց իրենք էլ նվագելու սիրտ չունեին։ Արցախում առաջնահերթությունները փոխվել են, հիմա առաջնային է անվտանգությունը, այնուամենայնիվ, հաջողվեց նվագախումբը վերականգնել, կազմում մեծամասամբ երիտասարդներ են»։
Հարցին, թե հետպատերազմյան Արցախին ի՞նչ երաժշտություն է պետք, Տիգրանը պատասխանում է հակիրճ՝ որակյալ. «Երաժշտությունը դարման է ու դեղ, օգնում է կազդուրվել, նոր գաղափարներով ու ավյունով լցվել»։
Տիգրան Սուչյանի՝ Արցախի հետ երաժշտական կապը դեռ պատերազմի օրերից է ստեղծվել։ Շեփորահարը 44-օրյա պատերազմի ընթացքում «Նեքսուս» արվեստի կենտրոնում ծանոթացել է Արցախից տեղահանված երաժշտական կրթություն ունեցող երեխաների հետ, մտերմացել, ապա հիմնել են «Արցախիկներ» բենդը։
Պատերազմից հետո երաժշտական կապն առավել ամրապնդվեց, Տիգրանին հրավիրեցին Արցախ՝ ղեկավարելու պետական ջազ նվագախումբը։ Հրավերը մեծ սիրով է ընդունել, ասում է՝ քչերին է վիճակված նվագախումբ ղեկավարել, իսկ սեփական փորձն ու գիտելիքներն Արցախում ապրող երաժիշտներին փոխանցելը երջանկություն է համարում։
«Հայրենասիրություն բառն արժեզրկվել է, չեմ ուզում իմ գործն այդ բառով որակեն, ես համարում եմ, որ այն, ինչ անում եմ, նախ ինձ համար եմ անում, իմ խղճի ու իմ համոզմունքների համար։ Քանի որ սիրով եմ անում աշխատանքս, ճանապարհի դժվարություններն էլ չեմ զգում, հիմա երկու կյանքով եմ ապրում՝ արցախյան ու երևանյան։ Արցախցի՞ ես, թե՞ երևանցի, հաճախ տրվող հարցը չի սիրում, շեփորահարն ասում է՝ Երևանում գիտեն արցախցի եմ, Արցախում՝ երևանցի»։
Տիգրան Սուչյանը երևանյան վերջին համերգը դրական է գնահատում, հիմա պատրաստվում են արցախյան տարեվերջյան համերգին։ Նոր տարում պատրաստվում են առավել շատ համերգներ ունենալ, ղեկավարը կարևորում է նաև հյուրախաղերի հնարավորություն ստեղծելը։
«Արցախում ապրող երաժիշտները պիտի հնարավորություն ունենան այլ երկրներում ևս բեմ բարձրանալու, հատկապես, շրջակման պայմաններում պիտի ստեղծվեն հնարավորություններ շրջագայելու, փորձ ձեռք բերելու և, որ ամենակարևորն է, Արցախը ներկայացնելու»։
Հատկապես երևանյան համեգից հետո հյուրախաղերի առաջարկներ եղել են, բայց, քանի որ նվագախմբի կազմը մեծ է, ֆինանսական լուրջ աջակցություն է պետք։
Տիգրան Սուչյանը վստահ է՝ կհայտնվեն նվիրյալներ, որ այդ կարևոր հարցում կաջակցեն նվագախմբին։