06/12/2022 20:25
Ինչպե՞ս կահավորել աշակերտի դասասենյակը՝ բարձրացնելով ուսուցման արդյունավետությունը. Խորհուրդներ մասնագետից
Աշակերտի սենյակի կահավորումը ուղիղ համեմատական է ուսուցման արդյունավետության հետ։ Որպեսզի դպրոցահասակ երեխան տանը արդյունավետ սովորի կամ տնային առաջադրանքներ կատարի, ծնողները պետք է հոգ տանեն հարմարավետ և տարիքին համապատասխան աշխատասենյակի մասին։
Թեմայի շուրջ Aysor.am-ի լրագրողը զրուցել է մանկավարժ-մեթոդիստ Աստղիկ Չիբուխչյանի հետ՝ պարզելու, թե որոնք են տանն ուսուցման հարմարավետության հիմնական կանոնները։
«Որակյալ և գրագետ ուսուցման կազմակերպումը հնարավոր է նաև տնային պայմաններում. Սկզբից պետք է ճիշտ տեղ ընտրել աշակերտի ապագա անկյունի համար՝ հաշվի առնելով լուսավորության պահանջները։ Սեղանը պետք է տեղադրվի պատուհանին ավելի մոտ՝ բնական լույսից առավելագույնս օգտվելու համար: Ցերեկային լույսը պետք է ընկնի դեպի երեխան, որպեսզի գրելիս ձեռքը չփակի լույսը։ Երեկոյան կատարվելիք աշխատանքների համար, բացի սենյակի վերին լույսից, կարելի է միացնել նաև կարգավորվող սեղանի լամպը, որը տեղադրված է այնպես, որ լույսն ուղղված լինի դեպի ձախ, հավասարապես լուսավորի սեղանը, բայց չհարվածի ուղիղ աչքերին և ստվերներ չստեղծի աշխատանքային տարածքում»,- ասաց մասնագետը։
Մեթոդիստի խոսքով, կարևոր է նաև հիմնական կահույքի ճիշտ ընտրությունը, որի մոտ, հավանաբար, կանցնի երեխայի դպրոցական տարիների զգալի մասը։
«Մեծահասակների համար նախատեսված սեղանն ու աթոռը ոչ միայն անհարմար կլինեն երեխայի համար, այլև սխալ դիրքում երկարատև աշխատանքը կարող է հանգեցնել կեցվածքի, տեսողության հետ կապված խնդիրների և հոգնածության ավելացման: Երեխայի համար ավելի դժվար կլինի կենտրոնանալ առաջադրանքի վրա։ Տարրական և միջնակարգ դպրոցական տարիքի երեխաների համար համակարգչի հարևանությամբ աշխատելն անցանկալի է»,- ասաց նա։
Կարգավորվող գրասեղանը հիանալի լուծում է մանկական սենյակի համար։ Որպես կանոն, նման մոդելները հագեցված են կենտրոնական հենարանով, որի շնորհիվ սեղանի բարձրությունը կարող է ճշգրտվել և համապատասխանեցվել երեխայի հասակին:
Անվտանգության համար մանկական սեղանները չունեն սուր անկյուններ (կլորացված եզրերը մշակվում են ռետինե պլաստմասով), քանի որ երեխաների ակտիվությունը մեծանում է, և կոորդինացումը դեռ հստակ ձևավորված չէ:
Մասնագետը ծնողներին խորհուրդ է տալիս ուշադրությամբ զննել և հետևել նաև կահույքի համապատասխանությանը աշակերտի դիրքին և կեցվածքին.
«Ոտքերը պետք է հենվեն հատակին ճիշտ անկյան տակ, ծնկները չպետք է հպվեն սեղանին: Երեխայի իջեցված ձեռքի արմունկը պետք է լինի սեղանի մակարդակից 5-6 սմ ցածր, կարդալու և գրելու ժամանակ աչքերի օպտիմալ հեռավորությունը՝ 35-40 սմ»,- մանրամասնեց մանկավարժը:
Աշակերտի համար կահույքի տոնն ավելի լավ է ընտրել պաստելային գույներից, օրինակ՝ բաց կանաչ, կաթնագույն կամ կապույտ: Բաց գունավորմամբ կահույքը տեսողականորեն ընդլայնում է տարածությունը և ավելի լավ է ազդում երեխայի հոգեկան վիճակի վրա։ Վառ գույների առատությունը, պատկերները արագ հոգնեցնում են աչքերը և ստեղծում ներքին լարվածություն։ Երեխայի առողջության համար շատ կարևոր են նաև այն նյութերը, որոնցից պատրաստված է կահույքը, ուստի ցանկալի է ընտրություն նախապատվությունը տալ բնական հումքից պատրաստված կահույքի օգտին։
Զրույցի վերջում մասնագետը հավելեց, որ երեխայի ընդհանուր զգացողության, կենտրոնանալու հատկությունների և ուցուցման արդյունավետության վրա զգալի դեր ունի մաքուր օդը, որը կարելի է ստանալ հաճախակի օդափոխության շնորհիվ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։