06/12/2022 17:17
Վահագն Խաչատուրյանը Նիկարագուայի դեսպանին ասել է, որ Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ օր առաջ խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիկարագուայի նորանշանակ դեսպան Ալբա Ասուսենա Տոռես Մեխիան:
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ արգասաբեր աշխատանք ու հաջողություններ մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում:
«Հուսով եմ, որ Հայաստանում Նիկարագուայի դեսպանի նշանակումը նպաստելու է երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը»,- նշել է նախագահը:
Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգայի ողջույններն՝ ուղղված Հանրապետության նախագահին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նիկարագուայի միջև փոխգործակցության հնարավոր ուղղությունները՝ կրթության, մշակույթի և տնտեսական ոլորտներում: Նախագահը կարևորել է միջգերատեսչական և միջխորհրդարանական շփումների ակտիվացում:
Հանրապետության նախագահը դեսպանին է ներկայացրել տարածաշրջանային իրողությունները և հարևանների հետ հարաբերություններում Հայաստանի մոտեցումները: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ օր առաջ խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը:
Դեսպանը, կարևորելով ՄԱԿ-ում և միջազգային հարթակներում երկու երկրների միջև համագործակցությունն, ընդգծել է, որ Նիկարագուան անվերապահ կերպով խաղաղության կողմնակից է և իր հնարավորությունների սահմաններում ջանքեր կգործադրի Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Նիկարագուայի միջև փոխգործակցության և փոխըմբռնման հուշագրի ստորագրման և բարձր մակարդակի փոխայցելությունների վերաբերյալ: