06/12/2022 11:42
Հայաստանում նույնականացման քարտերի տրամադրման ծավալը կրկնակի ավելացել է. միայն այս տարի տրամադրվել է 155 հազար 766 նույնականացման քարտ. Փոխոստիկանապետ
Հայաստանում այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ քաղաքացիներին արդեն իսկ տրամադրվել է 155 հազար 766 նույնականացման քարտ, ծավալներն էականորեն ավելացել են, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:
Փոխոստիկանապետն ասաց, թե այս պահին բոլոր այն անձանց, որոնք իրենց ամենօրյա աշխատանքում նույնականացման քարտեր օգտագործելու կարիք ունեն, անխտիր տրամադրում են այդ քարտերը:
«Դրանց տրամադրումը կիրականացվի մինչև 2023 թ փետրվարի 15-ը, դրանից հետո արդեն կտրամադրվեն նույնականացման քարտերը նույն ձևով, սակայն առանց էլեկտրոնային կրիչի», - նշեց նա:
Անձնագրերի և վիզաների վարչության տարբեր ստորաբաժանումներում առաջացած հերթերին անդրադառնալով՝ Ֆիդանյանն ասաց, որ այն փաստաթղթերի ծավալները, որոնք տրամադրվում են ստորաբաժանումների կողմից, էականորեն աճել են:
«Փուլային տարբերակով անցում ենք կատարել էլեկտրոնային հերթագրման համակարգին, ինչը էականորեն նվազեցրել է այդ հերթերի կուտակումը: Այդ համակարգը նախատեսում ենք ներդնել նաև տարածքային ստորաբաժանումներում», - նշեց փոխոստիկանապետը:
Ֆիդանյանի խոսքով՝ 2020 թվականին տրամադրվել է 70 հազար 273 նույնականացման քարտ: Այս տարի՝ դեկտեմբերի 1-ի դրությամբ, 155 հազար 766:
«Այսինքն՝ ակնհայտ է ծավալների աճը», - ասաց Ֆիդանյանը: