06/12/2022 18:07
2018-ին աշխարհաքաղաքական կենտրոնները «նախկիններին», Սերժ Սարգսյանին մերժել են, որ վերանա հայկական ինքնուրույն գործոնը, և Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն վերացնում է այն․ Շարմազանով
«Մենք հստակ գնահատական պետք է տանք իրավիճակին և պատրանքներով չապրենք», -անդրադառնալով ինչպես Հայաստանի շուրջ ընթացող, այնպես էլ աշխարհաքաղաքական զարգացումներին, ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ «Նոր ռազմական գործողությունների ռիսկեր» թեմայով քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ առ այսօր հասարակության մի հատվածն ունի պատրանքներ, որ Փաշինյանի իշխանությունը դեռ կարող է որևէ բան անել, մի մասն էլ դեռ զարմանում է, որ գործող ռեժիմն անում է քայլեր, որոնք չեն բխում պետության շահերից, այնինչ այս ամենի սկիզբը դրվել է 2018 թվականին։
«Կներեք, բայց 2018 թվականին ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին մերժել են մի պատճառով․ այդ աշխարհաքաղաքական կենտրոնները մերժել են «նախկիններին», վարչապետ Սերժ Սարգսյանին, որ վերանա հայկական ինքնուրույն գործոնը, և Նիկոլ Փաշինյանը Կովկասում և տարածաշրջանում հետևողականորեն վերացնում է ինքնուրույն հայկական գործոնը։ Հայաստանի Հանրապետությունն այսօր իրականում, դասական իմաստով, չկա, որովհետև այն քաղաքականությունը, որն այսօր վարում է պաշտոնական Երևանը, հակասում է Անկախության հռչակագրին, իսկ Երրորդ հանրապետության միսն ու արյունը Անկախության հռչակագիրն են, Արցախյան շարժումն ու Ցեղասպանության միջազգային ճանաչումը»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։
Եթե Հայաստանի գործող իշխանությունը մերժում է և՛ Արցախյան շարժման նվաճումները, և՛ բովանդակությունը, իսկ իր «ապագան» առանց Արցախի է պատկերացնում, առանց Հայոց ցեղասպանության՝ ազգի նկատմամբ ոճրի դատապարտման, առանց պետության ազգային նկարագրի, հետևաբար, չկա Հայաստանի Հանրապետություն, խոսքը շարունակեց Շարմազանովը։
«Այս իշխանությունը բերվել է, որպեսզի Հայաստանը դառնա գործիք՝ Մոսկվայից Անկարա, Անկարայից Վաշինգտոն, Վաշինգտոնից Բրյուսել, Բրյուսելից՝ Թեհրան, Թեհրանից՝ Նոր Դելի և այդպես շարունակ։ Հենց առաջին օրվանից, երբ Փաշինյանն եկավ իշխանության, եթե հիշում եք, չթաքցրեց՝ ասաց՝ ես «իզմ» -եր չունեմ։ Սա նշանակում է՝ «ես չունեմ կարմիր գծեր», - ասաց նա։
Էդուարդ Շարմազանովը գնահատեց նաև ներկայումս ստեղծված այս իրավիճակում նոր ռազմական գործողությունների, պատերազմի ռիսկը։
«Համոզված եմ՝ որևէ մեկը չի կարծում, որ Թուրքիան ու Ադրբեջանը վերջին 100 տարվա ընթացքում գոնե մեկ օր կամ մեկ ժամ դադարել են մտածել հայկական գործոնի վերացման ուղղությամբ աշխատելու մասին։ Պանթուրքիզմը միշտ էլ եղել է այդ երկու պետությունների հիմնական քաղաքականությունը, գաղափարախոսությունը, և այսօր, այս ապազգային ու հակապետական իշխանության պայմաններում ինչու՞ պետք է Էրդողանն ու Ալիևը ավելի շատ չուզեն։ Ով տալիս է՝ նրանից ուզում են, ասում են՝ հա էլ պիտի տաս, մինչև էլ տալու բան չի մնում։ Այսօր Ադրբեջանն ու Թուրքիան իրականացնում են պանթուրքիստական քաղաքականություն։ Դա պատերազմի վտանգ չէ, կապիտուլյացիայի և իրական կործանման վտանգ է»,- շեշտեց նա։