06/12/2022 17:54
Բարձր եմ համարում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը․ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ արել են, որ Հայաստանն ի վիճակի չլինի դիմադրել․ Փորձագետ
«Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է նոր պատերազմի, այստեղ ոչ մի նոր բան չկա»,- «Նոր ռազմական գործողությունների ռիսկեր» թեմայով քննարկմանը կարծիք հայտնեց փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Նա ընդգծեց՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ից սկսած՝ Ադրբեջանն ամեն ինչ արել է՝ նոր պատերազմին պատրաստ լինելու համար, ուստի առնվազն սեպտեմբերյան ագրեսիային համարժեք գործողություն կարող է ցանկացած պահի իրականացնել։
«Բավականին բարձր եմ համարում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը։ Դա պայմանավորված է ոչ այնքան նրանով, թե ինչ նպատակներ ունի Ադրբեջանը, որքան, առաջին հերթին նրանով, որ Հայաստանն ի վիճակի չէ լիարժեք դրմադրել։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ արել են, որ Հայաստանն ի վիճակի չլինի դիմադրել»,- ասաց փորձագետը։
Իշխանության՝ «բա մենք ի՞նչ անենք» արդարացմանը, ըստ Կարեն Վրթանեսյանի, հստակ պատասխան կա՝ բանակը մի՛ քանդեք։
«2020 թվականի նոյեմբերի 10-ից սկսած՝ պետք էր կորուստները, զինամթերքը համալրել, բանակը շտապ վերականգնել։ Այս երկու տարիները պետք է լինեին անդադար զորավարժությունների, զենքի գնումների տարի։ Արվել է այդ ամենի հակառակը։ 5 ամիս չունեինք ԶՈՒ ԳՇ պետ, առ այսօր, 9 ամսից ավելի է՝ չունենք հետախուզության պետ»,- ընդգծեց Կարեն Վրթանեսյանը՝ հավելելով՝ բացթողումների և չարած քայլերի շարքը շարունակելի է, ցավոք, ոչ միայն բանակում, այլև մյուս բոլոր ճակատներում ու ոլորտներում։
«Բանակն այսօր ջախջախված է, և ամեն ինչ արվում է, որպեսզի Հայստանի Հանրապետության անվտանգությունն ապահովող բոլոր մարմիններն ավելի թուլանան»,- ասաց փորձագետը։