06/12/2022 14:54
Հայտարարագրերը պետք է ներկայացվեն մինչև 2024-ի ապրիլի 20-ը. ԱԺ-ն քննարկում է համընդհանուր հայտարարագրման համակարգի նախագիծը
Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգն ամբողջությամբ կներդրվի 3 տարվա ընթացքում, առաջին տարում հայտարարագրերը պետք է ներկայացվեն մինչև 2024-ի ապրիլի 20-ը, ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Նրա խոսքով` համակարգի ներդրումը մի շարք նպատակներ է հետապնդում:
«Առաջին նպատակը ֆիզիկական անձանց անձնավորված հաշվառման համակարգ ձևավորելն է, ինչը հնարավորություն կընձեռնի առավել հեշտությամբ և ավելի բարձր ճշգրտությամբ տեղորոշել ոլորտային քաղաքականությունների իրական հասցեատերերին և շահառուներին՝ դրանով իսկ բարձրացնելով կառավարության կողմից իրականացվող սոցիալական, առողջապահական, կրթական, ժողովրդագրական և այլ ոլորտներում իրականացվող քաղաքականությունների արդյունավետությունը: Հայտարարագրերի ներկայացման հաջորդ նպատակը սոցիալական շարժառիթների համակարգի ստեղծումն է՝ սոցիալական կրեդիտների կամ սոցիալական ծախսերի համակարգի ներդրումը», - նշեց փոխնախարարը:
Նախագծով նախատեսվում է կառավարությանն իրավասություն վերապահել՝ սահմանելու ընտանիքի կազմ հասկացությունը, սոցիալական ծախսերի առանձին տեսակներ, ուղղություններ, թույլատրելի չափեր, որոնց մասով հնարավորություն կընձեռվի հարկման բազայից կատարել նվազեցումներ և որոշ դեպքերում դրանց համապատասխանող եկամտային հարկի գումարը հետ ստանալ՝ հայտարարագրերի ներկայացմամբ: Համակարգի ներդրումը սահուն ապահովելու համար առաջարկվում է այն իրականացնել 3 տարիների ընթացքում՝ սկսած 2023 թվականից:
«Այլ կերպ ասած՝ հարկային առաջին տարին, որի համար կներկայացվեն հայտարարագրեր, կլինի 2024 թվականը, որի համար հայտարարագրերը կներկայացվեն մինչև ապրիլի 20-ը», - ասաց Արմեն Պողոսյանը:
Առաջին փուլի շրջանակում ընդգրկված են հետևյալ անձինք՝ Հանրային ծառայության մասին օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող քաղաքացիներ, նոտարները՝ անձնական եկամուտների մասով: Հաջորդ ենթախումբը ձեռնարկատիրական գործունեության հետ ուղիղ կամ անուղղակի կապված ֆիզիկական անձինք են՝ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիներ, որոնք 2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավել համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների բաժնետերեր են, նաև ռեզիդենտ քաղաքացիներ, որոնք 2023-ի ընթացքում ստացել են 20 մլն դրամ կամ ավել փոխառություններ՝ նշված առևտրային կազմակերպություններից:
2024 թվականից նախատեսվում է այդ շրջանակն ընդլայնել աշխատանքային պայմանագրերով աշխատանք կատարողներով, նաև քաղաքացիական պայմանագրերի հիման վրա ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող ռեզիդենտ քաղաքացիներով: 2025-ին առաջարկվում է համակարգում ընդգրկել նաև մնացած ռեզիդենտ ֆիզիկական անձանց: