06/12/2022 17:05
Անորակ քունը «դանդաղ գործող ռումբ» է. մասնագետը ներկայացնում է ոչ բավարար քնի հետևանքները
Երեխայի առողջության հարցում քնի կարևորության մասին Aysor.am-ը զրուցել է երեխաների քնի վարքային խանգարումների մասնագետ Լիլիթ Պիպոյանի հետ։
«Քունը ֆիզիոլոգիական գործընթաց է, որը չափազանց կարևոր է երեխայի բնականոն զարգացման համար, բազմաթիվ կենսաբանական գործընթացներ ակտիվանում են հենց քնի ժամանակ, օրինակ՝ այդ ընթացքում է արտադրվում աճի հորմոնը, օրգանիզմը մաքրվում է նյութափոխանակության արգասիքներից, տեղի է ունենում ֆիզիկական, հոգեհուզական լարվածության թոթափում և մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիայի վերականգնում»։
Մասնագետի հավաստմամբ՝ քունն ամրապնդում է իմունային համակարգը, որոշ հետազոտություններ փաստում են՝ նույնիսկ մեկօրյա վատ քունն էականորեն ընկճում է այն։
«Քունը պատասխանատու է լավ հիշողության, ուշադրության կենտրոնացման, բարձր տրամադրության, հուզական կայունության, աշխատունակության համար»,- ասում է Լիլիթ Պիպոյանը։
Մասնագետն անորակ քունը բնորոշում է որպես «դանդաղ գործող ռումբ», որի առաջացրած հետևանքները, որպես կանոն, դրսևորվում են առավելապես միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։
Լիլիթ Պիպոյանը պարզաբանում է՝ անորակ քունը երկարաժամկետ հեռանկարում կարող է առաջացնել սրտի հիվանդություններ, շաքարախտ, քաղցկեղ, ճարպակալում, ընկճախտ և այլն։ Խնդիրն այն է, որ հաճախ ծնողները նույն հետևողականությամբ չեն վերաբերվում երեխայի վատ քնին, ինչպես որ վերաբերվում են, օրինակ, վատ սնվելուն։ «Ծնողներս հաճախ լուրջ չենք վերաբերվում այն խնդիրներին, որոնց ազդեցությունն անմիջապես չենք տեսնում։ Երբ փոքրիկը բավարար չի սնվում, ընտանիքն անմիջապես անհանգստանում է, այնինչ նաև պետք է լինի հստակ գիտակցում, որ քունն էլ ուղեղի սնունդն ու սանիտարն է»։
Երկարաժամկետ հեռանկարում անորակ քնի հնարավոր հետևանքներից Լիլիթ Պիպոյանն առանձնացնում է նաև դպրոցահասակ տարիքում երեխաների մոտ ադապտիվ և սոցիալական հմտությունների հարցում դժվարությունները, ցածր առաջադիմությունը, ուշադրության կենտրոնացման և ակտիվության (մասնավորապես՝ գերակտիվության) հետ կապված խնդիրները։ Դե իսկ կարճաժամկետ հեռանկարում ոչ բավարար քունը կարող է փոքրիկներին դարձնել դյուրագրգիռ, նյարդային, որպես կանոն բավարար չքնած երեխաները պատրաստ չեն լինում խնամողների հետ համագործակցության և նոր հմտություններ սովորելուն։
«Քնի լավագույն ռեժիմ հասկացություն գոյություն չունի, յուրաքանչյուր երեխա անհատականություն է։ Քնի որակը պայմանավորվում է բազմաթիվ գործոններով, կան պարզապես տարիքին համապատասխան ռիթմեր, որոնց դեպքում դարձյալ առաջնային են երեխայի անհատական կարիքները»։ Մասնագետն ասում է, որ ծնողների խնդիրն է երեխաների համար կանխատեսելի և ճիշտ առօրյա կազմակերպելը։
Մասնագետը նշում է՝ ծնողների հիմնական սխալն այն է, որ անընդհատ թվում է, թե ինչ-որ բան սխալ են անում, հակված չեն լսելու ներքին ձայնը, մի կողմից՝ տեղեկատվական ահռելի հոսքերը, մյուս կողմից՝ համայնքի սոցիալական ճնշումները խոչընդոտում են ծնողներին առաջնորդվելու սեփական զգացումներով և հասկանալու իրենց փոքրիկների իրական կարիքները։
«Հաճախ մեզ տալիս են այնպիսի խորհուրդներ, որոնցում, կարծում եմ, անհիմն շրջանառվում են երեխային ժամանակից շուտ «ինքնուրույնություն» տալու դրույթներ, այնինչ, բոլոր կաթնասունների մեջ մեր երեխաները կենսաբանորեն ամենակախյալն են ծնողներից և ամենաերկարատև օգնության կարիքն ունեն: Նման խորհուրդներից է, օրինակ, «նորածին մանկիկին մի գրկիր, կսովորի» արտահայտությունը, ինչը դեմ է մեր բնությանը, քանի որ անտեսում է այն կենսական անհրաժեշտությունը, որն ունի մանկիկը լույս աշխարհ գալուց անց, այն է՝ շրջապատված լինել միևնույն պայմաններով, ինչ մայրիկի արգանդում է և ունենալ բավարար ֆիզիկական շփում մայրիկի հետ, ինչը խիստ կարևոր է փոքրիկի ճիշտ զարգացման համար: Հավելեմ նաև, որ որոշ հետազոտություններ փաստում են, որ այն երեխաները, որոնք մանկահասակ տարիքում մայրիկին «կպած» են եղել, հետագայում ինքնուրույնության շատ ավելի բարձր ցուցանիշներ են գրանցել»։
Լիլիթ Պիպոյանը մայրիկներին խորհուրդ է տալիս առաջնորդվել սեփական զգացումներով, վայելել երեխային, փորձել առավել լավ ճանաչել փոքրիկին, ինչը շատ կարևոր է երեխա-ծնող ներդաշնակ հարաբերությունների և առողջ քնի համար։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։