07/12/2022 17:58
ՀԱՊԿ-ի կողմից դիտարկվել է նաև Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը, բայց մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականն է․ Արարատ Միրզոյան
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում խոսեց ՀԱՊԿ-ից Հայաստանի ակնկալիքների մասին։
«Ակնկալիքը բոլոր հնարավոր գործընկերներից մեկն է՝ հստակ արձանագրել այն, ինչ տեղի է ունեցել՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժում, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորում և այլն։ Եվ այդ արձանագրումից բխող գործողությունների ձեռնարկում», - ասաց Միրզոյանը։
Նա խոսեց նաև ՀԱՊԿ-ի՝ որպես ռազմաքաղաքական դաշինք, էության մասին, որի բաղադրիչներից մեկը մասնակից երկրների տարածքային ամբողջականության պաշտպանությունն է՝ հարկ եղած դեպքում՝ նաև ռազմական ճանապարհով։
«Եվ ահա, մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները այս ոգով վերաբերվեն ընդունվելիք որոշումներին, ինչը, ցավոք, այդպիսի վերաբերմունքի չարժանացավ մյուս երկրների կողմից։ Այժմ աշխատանքները շարունակվում են», - ասաց Միրզոյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնություն տրամադրելու մասին որոշման լրամշակման գործընթացին։
ԱԳ նախարարը հավելեց՝ ՀԱՊԿ-ի կողմից դիտարկվել է նաև Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը, բայց իրենց համար առաջնային է մնում քաղաքական գնահատականը։
«Մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականն է, արձանագրումը մեր դաշնակիցների կողմից, որ տեղի է ունեցել ներխուժում Հայաստանի Հանրապետության տարածք։ Այնուհետև կարող ենք դիտարկել նաև մնացածը», - նշեց Արարատ Միրզոյանը։