07/12/2022 12:45
2023-ին արտաքին պարտքի կշիռն ընդհանուր պարտքի կազմում կնվազի. Ֆինանսների նախարար
Հայաստանի ընդհանուր պարտքի կազմում արտաքին պարտքի կշիռը 2023-ի ընթացքում կնվազի, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նախատեսվում է, որ տարեվերջին կառավարության՝ դրամային արտահայտությամբ պարտքը կկազմի 4 տրլն 645 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 49.8 տոկոսը, իսկ եթե դոլարի փոխարժեքն ավելի ցածր լինի, ապա այդ ցուցանիշն ավելի փոքր կլինի:
«Կառավարության պարտքը դրամային արտահայտությամբ՝ 2023 թվականի ավարտին կկազմի 4 տրլն 645 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 49.8 տոկոսը: Այս ցուցանիշի հաշվարկի հիմքում ընկած է ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի 436 փոխարժեքը: Համապատասխանաբար, եթե ունենանք փաստացի ավելի ցածր փոխարժեք, այս 49.8 տոկոսը կլինի ավելի ցածր: Եթե փաստացի փոխարժեքը լինի նշվածից 5 տոկոս ցածր կամ բարձր, ապա ՀՆԱ-ի նկատմամբ կառավարության պարտքը կգտնվի 48-51 տոկոս սահմաններում: 2023 թվականի ընթացքում կնվազի արտաքին պարտքի կշիռը և այն գալիք տարվա վերջին ընդհանուր պարտքի կազմում կկազմի 57.6 տոկոս: Այս տարվա ավարտին արտաքին պարտքը ընդհանուր պարտքի մեջ ունի 60.2 տոկոս տեսակարար կշիռ», - նշեց Խաչատրյանը:
Նախարարն ընդգծեց, որ 2018-ին կառավարության պարտքի կազմում արտաքին պարտքի կշիռը կազմել է ավելի քան 78 տոկոս: Ֆինանսների նախարարը հաջորդ տարվա համար նախատեսվող մոտ 60 տոկոս չափը կառավարության կողմից պարտքի կառավարման քաղաքականության շատ նշանակալի ձեռքբերում ու արդյունք է համարում: