07/12/2022 12:21
Ծախսերը կազմելու են 2 տրլն 591 մլրդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրլն 302 մլրդ դրամ. 2023-ի պետբյուջեի նախագծում փոփոխություններ են կատարվել
Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը, որում, ներկայացված առաջին նախագծի համեմատությամբ, կատարվել են որոշակի փոփոխություններ, մասնավորապես, ավելացել են նախատեսվող ծախսերն ու եկամուտները, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Ըստ նախագծի՝ 2023 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմելու են 2 տրլն 591 մլրդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրլն 302 մլրդ դրամ: Դեֆիցիտը կկազմի 289 մլրդ դրամ: ԱԺ ներկայացված նախորդ նախագծի համեմատությամբ՝ բյուջեի ծախսերում ավելացել է 826 մլն դրամ, եկամուտներն ավելացել են 734.5 մլն դրամով և կազմում են 2 տրլն 302 մլրդ դրամ: Հարկային եկամուտները չեն փոփոխվել և սահմանված են 2 տրլն 203.7 մլրդ դրամի չափով: Եկամուտների ավելացումը կատարվել է այլ եկամուտների և պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Պետբյուջեի դեֆիցիտը մնացել է անփոփոխ», - նշեց Խաչատրյանը:
2023 թվականի պետբյուջեի նախագծի փոփոխությունները պայմանավորված են մի քանի պատճառներով: Նախ`արտարժութային գործառնություների դրամային համարժեքները վերահաշվարկվել են նոյեմբերի 1-ի փոխարժեքով, այդ վերահաշվարկը ճշգրտումներ է առաջացրել պետբյուջեի եկամուտների, ծախսերի, նաև դեֆիցիտի դրամային համարժեքներում: Փոփոխության երկրորդ պատճառն այն է, որ ծրագրերի համակարգողները լրամշակել են որոշակի ծրագրերին վերաբերող փաստաթղթային հիմնվորումները, ինչի արդյունքում որոշ դեպքերում ավելացել են այդպիսի ծրագրերին հատկացվող բյուջետային միջոցները: Առանձին ծրագրերի համար ավելացված բյուջետային միջոցների հաշվով նվազեցվել են 2023 թվականի պետբյուջեով սահմանված կառավարության պահուստային ֆոնդի միջոցները:
Խաչատրյանի խոսքով՝ բյուջեի ծախսերի ավելացումը պայմանավորված է տոկոսավճարների ավելացմամբ՝ 826 մլն դրամով: Առաջնային ընթացիկ ծախսերի, ինչպես նաև կապիտալ ծախսերի հանրագումարը մնացել է անփոփոխ: Արտարժութային փոխարժեքների վերահաշվարկի արդյունքում ծախսերի հանրագումարը նվազել 4.1 մլրդ դրամով: Ոլորտային ծախսային պատասխանատուների առաջարկություններով առանձին ծախսային ուղղություններին հատկացված միջոցներն ավելացել են 27.2 մլրդ դրամ, իսկ դրանց հատկացված ֆինանսավորման պատճառով կառավարության պահուստային ֆոնդը նվազել է 22.3 մլրդ դրամով:
Որոշ դեպքերում 2023-ի պետբյուջեի ծախսային ավելացումները պայմանավորված են այն հանգամանքով, որ 2022-ին նախատեսված ծախսերի մի մասը չեն իրականացվել այս տարվա ընթացքում ամբողջությամբ և այդ մասով ներառվել են հաջորդ տարվա ծրագրային անելիքների ցանկում:
Ծրագրային ծախսերի ավելացումների հիմնական մասը վերաբերում են պաշտպանական, տնտեսական, ինչպես նաև սոցիալական ապահովության ծրագրերին: