07/12/2022 17:07
«Պաշտպան հայրենյաց» ծրագրով հնարավոր է ընտրել ծառայության վայրը. Սուրեն Պապիկյան (Տեսանյութ)
«Պաշտպան հայրենյաց» ծրագրով հնարավոր է ընտրել ծառայության վայրը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Առավելությունը պետք է տրվի այն զինծառայողներին, ովքեր բնակվում են սահմանամերձ բնակավայրերում, այսինքն՝ եթե զինծառայողի բնակության վայրում կա մարտական հերթապահություն իրականացնող զորամաս, նա կարող է զեկուցագիր գրել ու ղեկավարությունը կընդառաջի, և նա իր հետագա ծառայությունը կիրականացնի իր բնակավայրին մոտ», - նշեց նախարարը:
Պապիկյանի խոսքով` հիմա կարգն ավելի հստակեցվում է: «Մենք նաև աշխատելու ենք, հնարավորության դեպքում, ծնողների հետ, զինծառայողների հետ՝ այս ամենն ավելի պարզ նրանց մատուցելու համար, բայց մի բան հստակ է` այո՛, վեց ամիս ծառայած զինծառայողը պայմանագիր կնքելուց հետո հնարավորություն ունի իր հետագա հնգամյա պայմանագրային ծառայությունն անցկացնել իր բնակավայրին մոտ զորամասում ու պաշտպանել իր մարզի, իր քաղաքի սահմանները», - ընդգծեց ՀՀ պաշտպանության նախարարը: