08/12/2022 20:28
Ո՞ր գործոններով է պայմանավորված բնածին աղիքային անանցանելիությունը. Բուժումը նորածնային շրջանում
Աղիքային անանցանելիությունը պայմանավորված է աղիքների և որովայնի խոռոչի, այլ օրգանների զարգացման զանազան արատներով և հիվանդություններով։
Բնածին աղիքային անանցանելիության դասակարգման հիմքում ընկած են նրա տեղակայումն ու աղիքների պարունակության շարժման արգելքի աստիճանը։ Հիվանդների մոտ բնածին աղիքային անանցանելիությունը` կախված շարժման արգելքի արտահայտության աստիճանից, բաժանվում է 2 խմբի` լրիվ և մասնակի։
Ելնելով աղիքային անանցանելիության տեղակայումից, յուրաքանչյուր խմբում առանձնացվում են ևս 3 ենթախումբ`
բարձր աղիքային անանցանելիություն (ստամոքսաելք, տասներկումատնյա աղիք, բարակ աղիքների սկզբնական հատվածներ),
բարակ աղիների անանցանելիություն,
հաստ աղիների անանցանելիություն (ցածր անանցանելիություն)։
Բարձր աղիքային անանցանելիության պատճառը կարող են լինել աղիքային ուղու արատները, անանցքությունը, աղիքի պատի զարգացման արատները, աղիքների պտտման խանգարումները, որովայնի խոռոչի մյուս օրգանների զարգացման խանգարումները (անոթների տեղակայման անկանոնություններ, օղականման ենթաստամոքսային գեղձ և այլն)։
Հիվանդ երեխաների բարձր աղիքային անանցանելիության առաջին նշանը, որպես կանոն, փսխումն է։ Այն նկատվում է երեխայի կյանքի առաջին իսկ օրերին։ Փսխման զանգվածի առաջին բաժինները մեծ մասամբ կուլ տված պտղաջրեր են։ Որոշ ժամանակ անց փսխումը կրկնվում է և փսխման զանգվածներում արդեն լեղու խառնուրդ է հայտնվում։
Հիվանդության սկզբնական ախտորոշման շրջանում երեխայի ընդհանուր վիճակը քիչ է տուժում։ Նորածնի կյանքի առաջին օրվա վերջում և երկրորդ օրվա սկզբում նկատվող համառ փսխումը հիմք է տալիս մեծ հավանականությամբ ենթադրել բարձր աղիքային անանցանելիության առկայության մասին։ Ախտոոշումը ճշտելու համար կատարվում է ռենտգենաբանական հետազոտություն։
Անուշադրության մատնելու դեպքում, երեխայի վիճակն աստիճանաբար կվատանա և էքսիկոզ երևույթը ավելի կխորանա։ Նման դեպքերում զարգանում են թթվահիմնային և էլեկտրոլիտային հավասարակշռության արտահայտված խանգարումներ։ Երեխայի որովայնի վերին հատվածները փքված են, նկատվում է որովայնի առաջնային պատի երակային ցանցի լայնացում։ Հաճախ նկատվում են աղիքների լայնացած գալարների կծկումներ։
Հաստ աղիքների անանցանելիության համար հատկանշական է կլինիկական ախտանիշների ավելի դանդաղ զարգացումը։ Դեպքերի մեծ մասում առաջին ախտանիշը կղանքի բացակայությունն է և որովայնի աստիճանաբար մեծացումը։
Ախտորոշումը ճշգրտվում է ռենտգենաբանական հետազոտությամբ, որի դեպքում լայնացած աղիքներում հայտնաբերվում են հեղուկի բազմաթիվ հորիզոնական մակարդակներ։ Ռենտգենաբանական հետազոտությունը պետք է կատարել միայն երեխայի ուղղահայաց դիրքում։
Բուժումը վիրահատական է. Միջամտության արդյունավետությունը կախված է կատարման ժամկետներից, անանցանելիության ձևերից և հետվիրահատական շրջանում հիվանդի ընդհանուր վիճակից։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։