08/12/2022 15:35
Արևմուտքը խաղաղության պայմանագրի վերաբերյալ որևէ տեքստ չի առաջարկել Հայաստանին. Արմեն Գրիգորյան
Խաղաղության պայմանագրի տեքստի երկու տարբերակ կա, մեկն առաջարկել է Ռուսաստանի Դաշնությունը, մյուսն այն տեքստն է, որի վրա հիմա աշխատում ենք, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա վստահեցրեց, որ Արևմուտքը որևէ տեքստ չի առաջարկել Հայաստանին:
«Արևմուտքը փորձել է միջավայր ստեղծել բանակցությունների համար, Մոսկվան ևս այսպիսի միջավայր փորձում է ստեղծել ու այստեղ կարևոր է, որ մենք խաղաղության հասնենք: Հայաստանն ու Ադրբեջանն են այս ուղղությամբ հիմնական շահառուն», - ընդգծեց ՀՀ ԱԽ քարտուղարը:
Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե կա երկու տարբերակ`ռուսական ու արևմտյան, Արմեն Գրիգորյանն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ խոսքերը աղավաղված եք ներկայացնում, չկա այդպիսի տեքստ: Համոզված եմ, որ մեր կողմից չի կարող որևիցե մեկն ասել, որ կա երկու տեքստ: Մենք Բրյուսելից, Վաշինգտոնից կամ որևէ այլ մայրաքաղաքից թուղթ չենք ստացել խաղաղության պայմանագրի վերաբերյալ»:
Հիշեցնենք`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայ հանրության շրջանում փորձ են անում տպավորություն ստեղծել , թե ԼՂ հարցով կա ռուսական առաջարկ, որը դրական է Հայաստանի համար ու կա արևմտյան առաջարկ, որը բացասական է Հայաստանի համար:
«Ասում են՝ Հայաստանի կառավարությունը մերժում է Ռուսաստանի ծրագիրն ու ընդունում է արևմտյան ծրագիրը: Կներեք, սա իրականության հետ ոչ մի կապ չունի։ Այն, որ կա ռուսական ու արևմյան ընկալում՝ ճիշտ է, իսկ Հայաստանը ռուսական ընկալման հետ համաձայնվել է ու սկզբունքային պայմանավորվածություն ձեռք է բերել 2021 թվականի հունվարին», - նշել էր վարչապետը: