08/12/2022 12:57
Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրության հիման վրա հարուցված քրեական վարույթը կարճվել է
ՀՀ քննչական կոմիտեն կարճել Է Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց զրույցի հիման վրա հարուցված քրեական վարույթը:
«Վարույթ իրականացնող մարմինը կայացրել է քրեական նշված վարույթի շրջանակներում երեք անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, մեղադրանք չառաջադրելու մասին որոշում: Քանի որ որևէ հանցանքի առկայություն, ըստ էության, կատարված քննությամբ չի հաստատվել, այդ հիմքով վարույթը կարճվել է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը լրագրողների հետ հանդիպմանը բացառիկ ձայնագրություն էր հրապարակել իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։
Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության հիման վրա նախապատրաստված նյութերով նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ըստ այդ ձայնագրության՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին հրաժարական ներկայացնել, իսկ հրաժարական տալու դիմաց Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվելու են, և նա մնալու է ԲԴԽ-ում՝ որպես խորհրդի անդամ:
Ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը քաղաքական հայտարարություններ էլ է անում։ Նա ասում է, թե չի ցանկանում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետ գա։
Հանրային հեռուստաընկերության եթերում Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել էր, թե զրույցի սկզբի 15-20 րոպեից հետո ինքն արդեն գլխի էր ընկել, որ Վարդազարյանն իրեն ձայնագրում է։
Ջհանգիրյանը նշել էր նաև՝ եթե ամբողջական ձայնագրությունը Ռուբեն Վարդազարյանը ներկայացնի, ապա դա նրա համար լուրջ հետևանքներ կարող է ունենալ։
Նա նշել էր, որ հանդիպումը տևել է 2 ժամից ավելի. «Ես վստահ եմ՝ առաջին իսկ վայրկյանից այդ ձայնագրությունը կա, ուղղակի այդ 14 րոպեն ծաղկաքաղ է արված»:
Գագիկ Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել էր:
Հուլիսի 1-ին Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել: