08/12/2022 18:45
«Տարածաշրջանային լարված իրավիճակը նաև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պետք է լինի»․ Սեյրան Օհանյանը հանդիպել է ՀՀ-ում Սլովենիայի դեսպան Տոմաժ Մենցինի հետ
«Ողջունում եւ կարեւորում եմ Ձեր այցը Հայաստան՝ մեզ համար նման դժվարին ժամանակաշրջանում: Այն, ինչ տեղի է ունեցել վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ-ում եւ տարածաշրջանում, շատ խնդիրներ եւ հետաքրքրություններ է պարունակում: Տարածաշրջանային այս լարված իրավիճակը ոչ միայն Հայաստանի եւ Արցախի, այլեւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պետք է լինի: Տարածաշրջանում հավասարակշռության եւ քաղաքական ուժերի փոփոխություններ են տեղի ունեցել. տեղի է ունեցել ագրեսիա Հայաստանի եւ Արցախի նկատմամբ: Սակայն, ամենավտանգավորն այն է, որ տարածաշրջանային հակամարտության ամբողջ պատմությունը փորձում են նենգափոխել՝ հայ ժողովրդին ներկայացնելով որպես ագրեսոր»: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության, ՀՀ ԱԺ Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի ղեկավար Սեյրան Օհանյանը՝ ՀՀ-ում Սլովենիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տոմաժ Մենցինի հետ հանդիպման ընթացքում:
Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի անդամները շնորհավորել են Դին Պրեմիկին՝ Սլովենիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար ընտրվելու կապակցությամբ: Նա համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական մակարդակով համագործակցությունն առաջիկայում կշարունակի ամրապնդվել, եւ կներդրվեն բոլոր ջանքերը՝ նպաստելու երկկողմ հարաբերությունների խորացմանը:
Դեսպան Տոմաժ Մենցինը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը, որին կնպաստի նաեւ խորհրդարաններում ձեւավորված բարեկամական խմբերի սերտ համագործակցությունը:
Դեսպանը տեղեկացրել է, որ այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների, դեսպանների հետ, ինչպես նաեւ այց Ջերմուկ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:
Սեյրան Օհանյանը հանգամանալից ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության պատմությունը, 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը: Նա անդրադարձել է նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիային, սահմանային լարվածությանը:
Կարեւորելով հակամարտություններում դիտորդական առաքելությունների դերակատարությունը՝ բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը պետք է ընթանա ԵԱՀԿ ՄԽ համանախագահությամբ:
Կողմերն անդրադարձել են ՀԱՊԿ դերակատարությանը, Հայաստանում ժողովրդավարական համակարգի հաստատմանը վերաբերող հարցերին:
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել 2023 թ. հունվարին երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի ղեկավարների հետ տեսակապ հաստատելու, ինչպես նաեւ փոխայցեր կազմակերպելու հարցերում:
Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17