08/12/2022 10:36
Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:
2023 թվականի բյուջետավորման քաղաքականությունն իրականացվել է՝ առաջնորդվելով ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի և ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի առաջնահերթություններով:
Իրականացվելիք միջոցառումների հիմնական նպատակը լինելու է տնտեսության մրցունակության և արտադրողականության աճը: Կառավարությունը շարունակում է թիրախավորել երկարատև բարձր տնտեսական աճի ապահովումը՝ առնվազն տարեկան 7%, իսկ բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում` 9%:
Ուղղորդվելով ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի առաջնահերթություններով՝ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսվում է իրականացնել սոցիալական, կրթական, ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումներ, որոնցից առավել հատկանշական են՝
նվազագույն աշխատավարձի բարձրացումը՝ սահմանելով այն 75,000 ՀՀ դրամ,
կենսաթոշակներին ուղղվող ծախսերի ավելացումը 25,2 մլրդ դրամով,
առողջապահությանն ու կրթությանն ուղղվող ծախսերի առաջանցիկ աճի ապահովումը ՀՆԱ-ի նկատմամբ, համապատասխանաբար, 1,60% և 2,24%,
ժողովրդագրական վիճակի բարելավման գծով լրացուցիչ ծախսերի նախատեսումը՝ 16,9 մլրդ ՀՀ դրամով,
գիտության գծով նշանակալի ծախսերի ավելացումը՝ 6,2 մլրդ ՀՀ դրամով։