08/12/2022 16:19
Սննդային թունավորմամբ Արցախի «Արևիկ» բուժմիավորում տեղափոխված երեխաները 26-ն են, բոլորի վիճակն այս պահին բավարար է գնահատվում
Նախօրեին հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերություն և այլ բժշկական հաստատություններ են դիմել ընդհանուր 19 անչափահասներ, որոնց մոտ ախտորոշվել է հավանաբար սննդային թունավորման հետևանքով առաջացած «սուր գաստրիտ»։
Այսօր արդեն «Արևիկ» բուժմիավորման մանկաբույժ Էռնեստ Լալայանը «Արցախպրես»-ին տեղեկացրել է, որ սննդային թունավորմամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորում տեղափոխված երեխաների թիվը 26-ի է հասել։ Նրանց ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն:
«Հիմնական մասը «Արևիկ» բուժմիավորման ընդունարան է դիմել ժամը 13:00-ից հետո՝ մինչև ժամը 17:00-ն: Բոլորի մոտ նույն գանգատներն են եղել՝ փսխումներ, փորլուծություն և ջերմություն: Դիմողները եղել են 1 տարեկանից սկսած, ինչպես նաև դպրոցահասակ երեխաներ, որոնք կաթնամթերք են օգտագործել: Կլինիկորեն միջին ծանրության էր նրանց վիճակը: Ցուցաբերվել է ամբուլատոր բուժօգնություն, կատարել ենք ներերակային ֆիզոթերապիա, մոտ 2 ժամից բոլոր երեխաների վիճակը եղել է բավարար»,-ասել է բժիշկ-մանկաբույժը:
Նրա տեղեկատվությամբ՝ գիշերվա ընթացքում բուժմիավորում է դիմել ևս տասը հոգի, որոնց ցուցաբերվել է ամբուլատոր բուժօգնություն:
«Բոլորի վիճակը տվյալ պահին բավարար է գնահատվում՝ առանց գանգատների: Վերջնական պատասխանները կլինեն մոտ 3 օրից»,-նշել է Էռնեստ Լալայանը:
«Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Օֆելյա Գրիգորյանի խոսքով՝ օպերատիվ աշխատանքի արդյունքում հետազոտություններ են իրականացրել ինչպես Ստեփանակերտի համար 7 դպրոցում, այնպես էլ կաթնամթերք արտադրող համապատասխան ընկերության արտադրամասում, որի 23 աշխատակից անալիզ է հանձնել:
«Սուր գաստրիտ համախտանիշով «Արևիկ» բուժմիավորում են ընդունվել 1-5 տարեկան երեխաներ: Աշխատում ենք ըստ կարգի: Դեռևս թթվասերի արտադրանքը դադարեցված է, քանի որ սանիտարահիգիենիկ ստուգումներ պետք է իրականացնել, որից հետո պատասխանները պարզ կլինեն»,-նշել է Օֆելյա Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ ստուգումներ են սկսվել նաև հանրապետության շրջաններում. բողոքներ դեռևս չեն արձանագրվել: