08/12/2022 09:35
«Ժողովուրդ». Կաշառք վերցնելու կասկածանքով դատապարտված Հակոբ Հաջի Հակոբյանը ԱԺ-ում բարձր պաշտոն է զբաղեցնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախկիններին կոռուպցիայի, թալանի, կաշառակերության համար մեղադրող հեղափոխական իշխանության ներկայացուցիչները շարունակում են օգտվել կաշառակեր պաշտոնյաների ծառայություններից: ՀՀ ազգային ժողովում, պարզվում է, բարձր պաշտոն զբաղեցնողներից է նաև նախկինում դատվածություն ունեցող Հակոբ Հաջի-Հակոբյանը: Նա, որ այժմ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետն է, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, դեռևս 2013-ին, երբ աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ, կաշառք վերցնելու կասկածանքով (գումարի դիմաց կեղծ վիզաներ է տրամադրել) դատապարտվել է երկու տարվա ազատազրկման:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հաջի-Հակոբյանի դուստրը, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի նշանածն է, նույնպես խորհրդարանում է աշխատում՝ Արտաքին հարաբերությունների վարչությունում: Իհարկե, նա ո՛չ առաջինն է, ո՛չ վերջինը, որ չարաշահել է զբաղեցրած պաշտոնը: Ուշագրավն այստեղ այն է, որ սև ու սպիտակի բաժանում արած իշխանությունը, փաստորեն, տարիներ առաջ կեղծ վիզա տրամադրելու համար կաշառք վերցրած անձին նոր, առավել բարձր պաշտոն է տվել: Ինչպես ասում են՝ օ՜ մարդիկ, օ՜ բարքեր»։