08/12/2022 09:30
«Հրապարակ». Վանաձորում մեկ տարի շարունակվող ճգնաժամը չի հանգուցալուծվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորում մեկ տարի շարունակվող ճգնաժամը չի հանգուցալուծվում։ «Լուսավոր Հայաստանի»՝ Վարչական դատարան ներկայացրած հայցի քննությունը նշանակվել է 2023 թ․ մարտի 15-ին։ Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո նորընտիր ավագանին համայնքի ղեկավար պետք է ընտրեր Մամիկոն Ասլանյանին, սակայն նրան կալանավորեցին, իսկ ավագանի չանցած ԼՀԿ-ն մտավ դատարան՝ վիճարկեց արդյունքները, որ կասեցնի քաղաքի իշխանության ձևավորումը։
Չնայած բոլոր հաշվարկներով և դատարանների վճիռներով ԼՀԿ-ին մանդատ չէր հասնում, բայց այդ նենգ հայցով իշխանական սցենարը կյանքի կոչեցին, գուցե դրա գինը հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնն էր։ Մի առանձին հայցով էլ դատարանը կասեցրեց Վանաձորի ավագանու նիստերի գումարումը, քանի դեռ ընտրությունների վիճարկումն ավարտված չէ, այս դատական քաշքշուկը դեռ շարունակվում է, իսկ Ասլանյանը շարունակում է մնալ բանտում։ Այս ընթացքում կրիմինալ Ակային՝ Արկադի Փելեշյանին, նշանակեցին համայնքապետի ԺՊ, և ՔՊ-ն զավթեց համայնքը։ Այսօր ՔՊ-ն ավագանիում չունի մեծամասնություն և չի կարողանում նիստեր հրավիրել, որոշումներ կայացնել։ Հույս ունեն, որ մի քանի ընդդիմադիր «գողանալով»՝ հարցը կլուծեն, բայց չի ստացվում։
Երեկ մենք «Ասլանյան դաշինքի» ղեկավար Արթուր Օհանյանին հարցրինք՝ մինչև ե՞րբ կարող է այս վիճակը շարունակվել։ Նա ասաց, որ Վանաձորում աննախադեպ իրավիճակ է, օրենքը նման դեպքերում լուծումներ չի տալիս։ Իշխանական շրջանակներում հույսը չեն կորցնում, որ մարդագողություն կիրականացնեն, եթե ոչ՝ մարտի վերջին նոր ընտրությունների կգնան։ Վաղը ևս ավագանու նիստ է նշանակված»։