09/12/2022 12:43
ՊՊԾ-ում, ԱԱԾ-ում ու Ներքին գործերի նախարարությունում ատեստավորման ճանապարհով բոլորի աշխատավարձը կբարձրանա մինչև հարյուր տոկոս. ԱԽ քարտուղար
ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին. Ազգային ժողովում մեկնարկել է նախագծի քննարկումը, որը ներկայացնում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա ասաց, թե այս փոփոխության հրապարակային հանձնառությունը Հայաստանի կառավարությունը վերցրել է 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրերով:
«Մենք փորձում ենք այնպիսի համակարգ ստեղծել, որպեսզի կառույցներն իրենց արդյունավետությունը բարձրացնեն: Բազմաթիվ պատճառներ կան, թե ինչու ենք Պետական պահպանության ծառայությունը ու Արտաքին հետախուզական ծառայությունն առանձնացնում ԱԱԾ-ից, նույնիսկ Արտաքին հետախուզության դեպքում կարգավիճակի հարց կա, բայց նաև ԱԱԾ-ին հնարավորություն ենք տալիս, որպեսզի վերջինս կենտրոնանա հիմնական երեք ուղղությամբ աշխատանքների վրա` հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար և սահմանադրական կարգի պահպանություն», - ընդգծեց ՀՀ ԱԽ քարտուղարը:
Գրիգորյանն ասաց, թե հատուկ ուշադրություն է դարձվում ատեստավորման ճանապարհով անվտանգության մարմինների աշխատավարձերը բարձրացնելու հարցին:
«2018 թվականից սկսկած՝ մենք մեկ անգամ համընդհանուր աշխատավարձը բարձրացրել ենք, բայց մեր փորձը ցույց է տալիս, որ այդ բարեփոխումը առավել արդյունավետ կլիներ, եթե աշխատավարձը բարձրացնեինք` հիմքում ունենալով անհատական ջանքը, ու ՊՊԾ-ի, ԱԱԾ-ի ու Ներքին գործերի նախարարության ստեղծման շրջանակներում այս պահին քննարկումներ են ընթանում ատեստավորման ճանապարհով բոլորի աշխատավարձը մինչև հարյուր տոկոս բարձրացնելու ուղղությամբ», - նշեց Արմեն Գրիգորյանը:
Նա ասաց, թե ցանկանում են պետական համակարգի աշխատողների համար ստեղծել շահագրգռվածություն, որպեսզի վերջիններս անհատական ջանք գործադրեն իրենց աշխատավարձը մինչև հարյուր տոկոս ավելացնելու ճանապարհին: