09/12/2022 20:50
Թանձրարյունություն. Խնդրի առաջացման պատճառները և կանխարգելման մեթոդները
Վերջին շրջանում շատերին է անհանգստացնում այնպիսի մի երևույթ, ինչպիսին է թանձրարյունությունը։ Ինչի՞ հետևանք է դա, ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել և ո՞ր մթերքներն են օգնում նոսրացնել արյունը՝ նպաստելով կանխել խտացման գործընթացը, Aysor.am-ի հետ զրուցում կօգնի հասկանալ բժիշկ- թերապևտ Լյուդմիլա Նազարյանը։
«Որպես այդպիսին թանձրարյունություն հիվանդություն չկա, բայց արյան նորմալ խտության փոփոխությունը կարող է հանգեցնել աթերոսկլերոզի, երակների վարիկոզի և օրգանիզմում շատ այլ խանգարումների։ Պատճառը հիմնականում վարած սխալ կենսակերպն է, թեև կարող է առկա լինել ժառանգականության գործոնը»,- ասաց բժիշկը։
Կլինիկական առումով երևույթը կարող է դրսևորվել անոթներում արյան լճացումով, թրոմբների առաջացմամբ, վերջույթների անընդհատ սառնությամբ, թուլությամբ, հոգնածությամբ, քնկոտությամբ և բերանի չորությամբ։ Բայց ամենավատն այն է, որ կարող է ոչ մի ախտանիշ չլինել և ընթանա թաքնված պաթոլոգիական պրոցես։
Բժշկի խոսքով, թանձր արյան հիմնական վտանգը արյան ճնշման բարձրացումն է։ Ավելի դժվար է խիտ արյունը մղել զարկերակներ, երակներ և մազանոթներ. Օրգանիզն այսպիսով լրացուցիչ բեռ է վերցնում իր վրա։ Այս ամենի հետևանքով, անոթները թուլանում են, արյան հոսքի ճանապարհին առաջանում են աթերոսկլերոտիկ թիթեղներ, այնուհետև կուտակվում են էրիթրոցիտներ և թրոմբոցիտներ, ձևավորվում է արյան թրոմբ, որն էլ իր հերթին ուղեկցվում է սրտի կաթվածով և ինսուլտով։
Թանձրացման առաջին պատճառը ջրի ոչ բավարար ընդունումն է։
«Ամբողջ հեղուկը, բացի ջրից, օրգանիզմն ընկալում է որպես սնունդ, այդիսկ պատճառով պետք է շեշտը դնել հենց ջրի ընդունման վրա»,- ասաց բժիշկը։
Մյուս պատճառն այն է, որ արյան մեջ կան շատ ճարպեր, խոլեստերին և չբաժանված սպիտակուցային միացություններ, որոնք հանգեցնում են նյութափոխանակության խանգարման։ Դա պայմանավորված է նրանով, որ օրգանիզմում ֆերմենտները քիչ են, ուստի մարսողության գործընթացը թերի է կատարվում: Ֆերմենտների քանակը նվազում է, քանի որ տարիքի հետ օրգանիզմը չի կարողանում արտադրել դրանք անհրաժեշտ քանակությամբ։
Մեկ այլ պատճառ էլ օրգանիզմում թթուների ընդունման ավելացումն է։ Ուժեղ թթուները (կենդանական ճարպերի վերամշակման արդյունք) դժվարությամբ են արտազատվում օրգանիզմից։ Արյունը կարող է թանձրանալ թթվածնի պակասի, խոլեստերինի ավելցուկի, ադրենալինի բարձրացման, վատ սովորությունների (ալկոհոլ, ծխել, շաքարավազի և պարզ ածխաջրերի չափից ավելի օգտագործում) պատճառով:
Նախ պետք է սկսել վերանայել սննդակարգը: Այն պետք է պարունակի յոդով հարստացված մթերքներ։ Շաբաթը մի քանի անգամպետք է ձուկ ուտել, դրա ճարպերը ոչ միայն կանխում են արյան մակարդումը, այլև նպաստում են առկա թրոմբների ներծծմանը։
Երկրորդ՝ կրճատել վիտամին K-ով հարուստ մթերքների ընդունումը, քանի որ այն նպաստում է արյան մակարդմանը:
Երրորդ՝ ավելի շատ մաքուր ջուր խմել։ Սակայն սրտի անբավարարությամբ տառապող հիվանդներին անհրաժեշտ է սահմանափակել սպառվող հեղուկի քանակը:
Չորրորդ՝ վարել ակտիվ կենսակերպ։
Թանձր արյուն ունեցողներին, բժիշկը խորհուրդ է տալիս նվազեցնել կենդանական ճարպերի ընդունումը և ուտել որքան հնարավոր է դանդաղ։ Փորձեք բացառել յուղոտ միսը, ինչպես նաև երշիկեղենը, պաշտետները։ Կերեք ավելի քիչ սերուցք և պանիր: Սահմանափակել նաև ճարպեր պարունակող վերամշակված մթերքների քանակը՝ խմորեղեն, թխվածքաբլիթներ, շոկոլադ, պաղպաղակ, չիփսեր և այլն:
Շատերին հետաքրքրում է՝ արժե՞ արդյոք դեղերի ընդունումը համատեղել արյունը նոսրացնող սննդի հետ։ Լյուդմիլա Նազարյանը պնդում է, որ դա հնարավոր է, բայց անհրաժեշտ է նման սնունդ ուտել ողջամիտ քանակությամբ։ Բացի այդ, բուժումը պետք է լինի համապարփակ, միայնակ ուտելով խնդիրը հնարավոր չէ լուծել։ Կարևոր է սպորտով զբաղվել, հրաժարվել վատ սովորություններից և պարզապես առողջ ապրելակերպ վարել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։