09/12/2022 10:51
«Ժողովուրդ». «Դաշնակցությունը» «Հայաստան» խմբակցության ներսում գերիշխող է դառնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը գնալով «Հայ հեղափոխական դաշնակցություն» ֆրակցիայի է վերածվում: Բանն այն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդարանական խմբակցությունում, որն ի սկզբանե քաղաքական դաշինք էր և տարբեր ուժեր ներկայացնող անհատներից էր կազմված, այժմ գերիշխող դիրք ունի ՀՅԴ-ն: Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքի՝ խմբակցությունում այս պահին ընդգրկված 25 պատգամավոր կա, ևս 4-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արդեն մանդատ են ստացել. նրանք խորհրդարանի հերթական նիստի ժամանակ պատգամավորական երդում կտան ու կստանձնեն խորհրդարանականի պարտականությունները:
Այսպիսով, «Հայաստան» խմբակցության 29 պատգամավորներից 14-ը դաշնակցականներ են, 13-ը, այդ թվում՝ Աղվան Վարդանյանը, անկուսակցական են, 1-ը՝ ասորի համայնքը ներկայացոնղ Զենֆիա Միրզոևան է՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից: Հաշվի առնելով հանգամանքը, որ Վարդանյանը նախկին դաշնակցական է (իսկ դաշնակցականի նախկինը չի լինում), ապա ձայների հարաբերակցությունն այնպես է դասավորվում, որ «Դաշնակցությունը» խմբակցության ներսում գերիշխող է դառնում: «Ժողովուրդ» օրաթերթը, ի դեպ, նկատել է, որ «Հայաստան» խմբակցության, այսպես ասած, հին պատգամավորները եկող՝ նոր պատգամավորներին չգիտեն, չեն ճանաչում, նրանցից շատերն անգամ միմյանց երբևէ չեն էլ տեսել»։