09/12/2022 15:39
Ներքին գործերի նախարարության ստեղծումը թույլ կտա ոստիկանությանը պրակտիկ կերպով իրականացնել ապաքաղաքական գործունեություն. Փոխնախարար
Ազգային ժողովը քննարկում է Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին որոշման նախագիծը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով` սա ենթադրում է ոստիկանության ոլորտի նկատմամբ խորհրդարանական, նաև քաղաքացիական վերահսկողության իրականացում:
«Ըստ էության, ոստիկանության ոլորտի բարեփոխումների պատասխանատու կունենանք՝ ի դեմս Ներքին գործերի նախարարության, նաև կունենանք ոլորտի քաղաքական պատասխանատու՝ ի դեմս Ներքին գործերի նախարարի», - ասաց Սարգսյանը:
Ներքին գործերի նախարարության շրջանակներում ամփոփվելու է երեք ծառայություն՝ փրկարար ծառայությունը, ոստիկանությունն ու միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:
Արփինե Սարգսյանն ընդգծեց` վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով խնդիր է դրվել ունենալ այնպիսի ոստիկանություն, որը զերծ կլինի քաղաքական տարբեր միջամտություններից:
«Ըստ այդմ, այս նախարարությունը կլինի այն պաշտպանող միջավայրը, որը թույլ կտա ոստիկանությանը պրակտիկ կերպով իրականացնել ապաքաղաքական գործունեություն: Ակնկալում ենք ունենալ մեր քաղաքացիներին ծառայող և բացառապես հանրային շահը սպասարկող ոստիկանություն», - նշեց ՀՀ արդարադատության փոխնախարարը: