09/12/2022 19:16
Արցախի խորհրդարանն ընդունել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում քննարկվել և միաձայն ընդունվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը:
Արթուր Թովմասյանի նախագահությամբ նիստում նախագիծը ներկայացրել է Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ Սերգեյ Առստամյանը:
Նրա խոսքով՝ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքի գործողության ընթացքում դրա 21-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորիչ հարաբերությունը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի հետ համապատասխանեցնելու հանգամանքով:
«Գործող օրենքը, բացի զինծառայության ընթացքում մահացած ծնող, եղբայր կամ քույր ունենալը, զինծառայությունից ազատվելու պարտադիր պայման է սահմանում նաև ընտանիքի միակ արու զավակ լինելը: Սակայն, կան Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, հատուկ առաջադրանք կատարելու, հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, մահացած զինծառայողների զավակներ կամ կրտսեր եղբայրներ, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն»,- նշել է Ս. Առստամյանը՝ հավելելով, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» փոփոխությամբ առաջարկվում է 2018 թվականի հոկտեմբերի 31-ի ՀՕ-51-Ն oրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«Քաղաքացին, որն ունի Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում, կամ՝ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, կամ՝ հատուկ առաջադրանք կատարելու, կամ՝ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, կամ որն ընտանիքի միակ արու զավակն է և ունի Արցախի Հանրապետության զինված ուժերում, կամ՝ այլ զորքերում, կամ՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող, կամ՝ եղբայր, կամ՝ քույր, զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության և նախնական զինվորական պատրաստության ծրագիրը յուրացնելուց, ստուգարքներ հանձնելուց և զինվորական երդումն ընդունելուց հետո արձակվում է պահեստազոր և վերցվում հաշվառման՝ համապատասխան զինվորական կոմիսարիատում, միաժամանակ հնարավորություն ընձեռելով քաղաքացուն, իր դիմումի համաձայն, հրաժարվել սույն մասով սահմանվող արտոնությունից, և պարտադիր զինվորական ծառայության անցնել սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված ժամկետներում»:
Ի պատասխան պատգամավոր Դավիթ Գալստյանի հարցի՝ Կառավարության լիազոր ներկայացուցիչը հայտնել է, որ Պաշտպանության նախարարի հետ քննարկվել ու նրա կողմից դրական պատասխան է տրվել նաև առաջարկին, ըստ որի՝ նշված արտոնություններից հրաժարվելու և ծառայությունը շարունակելու դեպքում զինծառայողին հնարավորություն կընձեռվի ընտրել զորամասը, ինչպես նաև՝ նախնական զինվորական պատրաստությունն անցնելուց հետո կարողանան նաև զինվորական մասնագիտություն ձեռք բերել: