09/12/2022 19:58
Կոչ ենք անում աշխարհի բոլոր խորհրդարաններին՝ կանխել Ադրբեջանի ցեղասպան նկրտումները․ «Պատիվ ունեմ» խմբակցություն
2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման և ապագայում ցեղասպանությունների կանխման նպատակով, հայկական դիվանագիտությունը հաջողել էր դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ում ամրագրել Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Դա, իրավամբ, շոշափելի ձեռքբերում էր հայ դիվանագիտական և քաղաքական շրջանակների համար, սակայն գործող իշխանություններն այլևս չեն հետապնդում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համազգային խնդիրը, որով սահմանված վտանգները, ցավոք, այսօր տեսանելի են Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Արցախում, հայտարարել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը։
«ՄԱԿ-ի կողմից հաստատված ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման օրվա առիթով Արցախի խորհրդարանը հանդես է եկել կոչով՝ ուղղված միջազգային հանրությանը՝ դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի նկատմամբ և դրանք որակել որպես 21-րդ դարի ցեղասպանություն:
Անվերապահորեն սատարելով Արցախի մեր գործընկերների առաջարկը, ցանկանում ենք նաև արձանագրել, որ Ադրբեջանը հետևողականորեն տապալում է խաղաղ բանակցությունների գործընթացը, հայտարարում, որ ուժի կիրառման միջոցով Արցախի հարցի լուծումը իր համար շարունակում է մնալ առաջնային օրակարգի հարց, իր քաղաքականությունը կառուցում է Արցախին առավելագույն մարդկային կորուստներ պատճառելու և հումանիտար աղետի առաջ կանգնեցնելու քաղաքականությամբ, ինչպես նաև Հայաստանը՝ Արցախին կապող միջանցքը փակելու սպառնալիքով, փորձում է հասնել Արցախի ամբողջական շրջափակմանը:
Ադրբեջանն առաջնորդվում է «չկան հայեր՝ չկա կոնֆլիկտ» սկզբունքով և իր առաջ դրված առավելապաշտական նպատակներին հասնելու համար Արցախին սպառնում է էթնիկ զտումներով, սեփական բնօրրանից զրկելու պահանջներով, ինչպես նաև ֆիզիկական հաշվեհարդարով :
Նշված մոտեցումները ոչ այլ ինչ են, քան ցեղասպանական հռետորաբանություն:
Ուստի կոչ ենք անում աշխարհի բոլոր խորհրդարաններին 21-րդ դարում կանխել Ադրբեջանի կողմից ցեղասպան նկրտումները»,- նշված է «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունում: