09/12/2022 10:01
«Ժողովուրդ». Կալանքի տակ գտնվող դատավոր Արուսյակ Ալեքսանյանը հրաժարվում է քրեական վարույթով որևէ ցուցմունք տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շուրջ 1,5 ամիս է, ինչ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը գտնվում է կալանքի տակ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կալանավորումից հետո ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչները մի քանի անգամ այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, որպեսզի հարցաքննեն դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, սակայն դատավորը միշտ հրաժարվել է ցուցմունք տալուց: Ասել է թե՝ քրեական վարույթով ուրշագրավ իրավիճակ է. մեղադրյալ դատավորը հրաժարվում է քրեական վարույթով որևէ ցուցմունք տալ, քննիչներն էլ անիմաստ գնում-գալիս են կալանավայր:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել։ Նույն գործի շրջանակներում հոկտեմբերի 21-ին կալանավորվել է նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ դատավոր Ալեքսանյանին աջակցելու համար, և դատավորի օգնականը, որը հետագայում ազատ արձակվեց»։