09/12/2022 09:39
«Հրապարակ». Իշխանությունը տարեվերջյան արտահերթ նիստերով փորձելու է «սղղացնել» աղմկահարույց նախագծեր
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսև ակնկալվում էր՝ իշխանությունը, ավանդույթի համաձայն, տարեվերջյան արտահերթ նիստերով փորձելու է սղղացնել աղմկահարույց նախագծեր։ Այսօր նշանակված ԱԺ արտահերթ նիստում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաև Նիկոլ Փաշինյանի և թիմակիցների «վախերի մասին» վկայող նախագիծը։ Դրանով Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի ԱԱԾ մարմիններից և կդառնա առանձին՝ վարչապետին ենթակա մարմին, իսկ պաշտոնաթող վարչապետերի և նախագահների համար պետական պահպանությունն այժմ գործող կարգով նախատեսված ցմահի փոխարեն կտրամադրվի 7 և 10 տարի ժամկետով, որից հետո դա կնախատեսվի վարչապետի որոշմամբ։ ԱԺ նախագահի ընտանիքի անդամներին ևս պետական պահպանություն կտրամադրվի:
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների փաթեթն ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստում երեկ ներկայացրել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Թե ինչու են որոշել ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ-ից՝ ԱԱԽ քարտուղարը չի թաքցրել, որ քաղաքական որոշում է կայացվել. «Այս պահին կա քաղաքական որոշում, որ ԱԱԾ-ին պետք է թողնվի 3 գլխավոր գործառույթ՝ հակահետախուզություն, սահմանադրական կարգի պահպանում, ահաբեկչության դեմ պայքար: Այս երեք գործառույթներն են դրվում ԱԱԾ-ի վրա»: Իսկ սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն իր պաշտպանության և անվտանգության հարցերը չի ուզում վստահել որևէ մեկին և որոշել է անձամբ իրեն ենթակա մարմին դարձնել ՊՊԾ-ն, և որպեսզի էլ ավելի լավ պաշտպանեն, ՊՊԾ-ի համար աշխատավարձերը մինչև 100 տոկոս բարձրացնելու հարցն է դրված։ Նշենք, որ մինչև տարեվերջ մի քանի արտահերթ նիստ էլ կլինի»։