10/12/2022 17:54
Արցախի կառավարության կազմում կարող են լինել և՛ նախկին նախարարներ, և՛ ժամանակավոր պաշտոնակատարներ, և՛ նոր մարդիկ․ Ընտրված թիմը կազմվելու է և՛ արցախցիներից, և՛ ոչ արցախցիներից․ Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 9-ին հարցազրույց է տվել Արցախի Հանրային հեռուստատեսությանը՝ անդրադառնալով Արցախին վերաբերող մի շարք հրատապ թեմաների:
Կառավարության ձևավորման վերաբերյալ Ռուբեն Վարդանյանն ասել է․
«Մենք նախևառաջ ուզում ենք հստակ սահմանել նպատակները, որոնք մի քանիսն են: Դրանք արդեն ներկայացրել ենք և՛ նախագահին, և՛ կառավարությանը: Նպատակները սահմանելով՝ մենք հաստատելու ենք այն մոտեցումները, թե ինչպես ենք տեսնում թիմի ձևավորումը, ինչ մոդելով են նրանք աշխատելու: Կարևոր է, որ նրանք համաձայնեն այդ նպատակներին և ամեն ինչ անեն դրանց իրականացման համար:
Այդ թիմի մեջ կարող են լինել և՛ նախկին նախարարներ, և՛ ժամանակավոր պաշտոնակատարներ, և՛ նոր մարդիկ: Մենք սահմանում ենք նպատակը և այն քայլերը, որոնք պետք է մեզ բերեն հաջողության: Եվ մենք վստահ ենք, որ ընտրված թիմը, որը կազմվելու է և՛ արցախցիներից, և՛ ոչ արցախցիներից, ևս մեծ փոփոխություն է լինելու, որովհետև մենք ուզում ենք անպայման ընդգրկել մարդկանց, որոնք աշխատել են և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս: Եվ դա մեծ հնարավորություն է տալիս Արցախին՝ այլ կերպ օգտագործելու համահայկական մեր ներուժը»: