10/12/2022 18:29
Պետք է անենք այն, ինչը ճիշտ ենք համարում Արցախի համար․ Պետք է պատրաստ լինենք ամենօրյա պայքարի․ Ռուբեն Վարդանյան
«Ադրբեջանը՝ որպես պետություն, ամեն ինչ անում է, որ մարդիկ այստեղ՝ Արցախում չունենան հավատ դեպի ապագան, որ մարդիկ չհավատան, որ իրենք կարող են հաջողության հասնել և դուրս գան այստեղից»,- Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։
Այս իմաստով նա հատկանշական է համարել Բերձորի և մինչ այդ տեղի ունեցած մյուս դեպքերը։
«Բերձորի, և մինչ այդ տեղի ունեցած մյուս դեպքերը ցույց են տալիս, որ դա իմ նշանակման հետ չի կապված: Այդ դեպքերը նաև իմ այստեղ գալու պատճառ դարձան, որովհետև ես համարել եմ, որ այդ սադրանքը և այդ մոտեցումը հնարավոր կլինի կոտրել, եթե այստեղ մարդիկ համախմբվեն՝ և՛ Արցախից, և՛ նաև դրսից։
Հիմա ադրբեջանական սադրանքներն ավելի հաճախակի են դարձել, դա սպասելի էր: Եթե դուք հիշում եք կառավարության առաջին նիստում հարցերից մեկն էր այն, թե ինչպես ենք մենք պատրաստվում ձմռանը։ ...Մենք պետք է պատրաստ լինենք, որ ամբողջ ձմռան ընթացքում դիմակայելու ենք տարբեր դժվարությունների»,- հավելել է Ռուբեն Վարդանյանը։
Նրա խոսքով՝ պայքարն ամենօրյա պետք է լինի, իսկ Ադրբեջանի հետ որևէ կերպ հարաբերվել հնարավոր կլինի, եթե նրանք ընդունեն, որ Արցախն անկախ է մնալու։
«Պետք է անենք այն, ինչը ճիշտ ենք համարում Արցախի համար։ Իսկ ճանապարհ փակելը կամ գյուղացիներին թույլ չտալը աշխատանքներ անել իրենց հողամասերում, կամ այլ բաներ, ցավոք , մեզ հետ նման բաներ ամեն օր կարող են պատահել: Այն հասկացողությունը, որ մենք կարող ենք հանգիստ աշխատել, սովորել, ապրել, չկա: Մենք պետք է պատրաստ լինենք ամենօրյա պայքարի ։
Մենք ունենք ռազմական դրություն, որը ենթադրում է, որ ամեն ինչ չի կարող հրապարակային արվել։ Ռազմական իրավիճակը մեզնից պահանջում է ավելի զգույշ լինել ինֆորմացիայի հետ կապված հարցերում։ Հավատացեք, որ մենք անում ենք ամեն ինչ, որ Արցախի շահերը պաշտպանենք»- ասել է Ռուբեն Վարդանյանը։