10/12/2022 10:38
«Ժողովուրդ». Ովքեր են թիմի ներսում խարդավանքներ հյուսող Անդրանիկ Քոչարյանի նոր թիրախները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեփական թիմի ներսում խարդավանքներ հյուսող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նոր թիրախներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս անգամ ՔՊ-ական պատգամավորը կենտրոնացել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, նրա ընկեր պատգամավորներ Հրաչյա Հակոբյանի ու Սիսակ Գաբրիելյանի վրա:
Քոչարյանը տարբեր վայրերում, մասնավոր զրույցներում պահը չի կորցնում խոսել երեք պատգամավորների մասին, նրանց մեղադրել շատ գործուղումների մեկնելու համար, անգամ բուքմեյքերական «Վիվարո» ընկերությունից «փայ» ունենալու համար: «Ֆակտոր»-ին նոյեմբերի 25-ին տված հարցազրույցի ժամանակ նա անդրադարձել էր նաև այդ «Վիվարո»-ի գործունեությանը և իր թիմակիցների՝ Հունաստանում հանգստին: Լրագրողը հարց է հնչեցնում՝ «Վիվարո»-ին գուցե քաղաքական երաշխիքներ են տվել գործընկերները, որոնք Հունաստանում իրենց հաշվին հանգստանում են: Ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանը նշել է. «Պետք է Ազգային անվտանգությունը ճշտի ամեն ինչ, նաև Ձեր բարձրացրած հարցը»:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասաց, որ ինքը որևէ առնչություն չունի «Վիվառո» ընկերության հետ և երբևէ այդ ընկերությունից գումար չի ստացել: «Իմ եկամուտը գոյանում է պատգամավորական աշխատավարձից: Եթե իրավապահ համակարգը գտնում է, որ պետք է ստուգի, թող ստուգի», – նշեց նա: Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ի ներսում խարդավանքներ է հյուսում»։