10/12/2022 14:02
Շուշիի հայտնի երկվորյակների մայրը վարսահարդարման անվճար դասեր է անցկացրել․ վարսավիրանոց ու վարսավիրներ չունեցող արցախյան գյուղն արդեն իր մասնագետներն ունի
Շուշիի հայտնի եռյակից երկվորյակների՝ Արմենի և Արսենի մայրը՝ Արևիկը, սեփական նախաձեռնությունն է կյանքի կոչել՝ վարսահարդարման անվճար դասեր կազմակերպելով Ասկերանի Լուսաձոր գյուղում։ Արևիկը 23 դիմորդից ընտրել է 5 հոգու, արհեստը սովորեցրել ու վարսավիրանոց ու վարսավիրներ չունեցող 300 հոգանոց բնակչություն ունեցող գյուղին ապահովել մասնագետներով։
«Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղում կազմակերպել եմ վարսահարդարման անվճար դասընթաց։ Իմ նպատակն է, որ Արցախի գյուղերում ապրող աղջիկները և կանայք ուշադրությունը սևեռեն հենց իրենց գյուղի վրա, իմ փոքր, բայց կարևոր այս նախաձեռնությամբ ցույց տամ, որ այս փոքրաթիվ բնակչություն ունեցող գյուղը նույնպես այնքան կարևոր է, որքան զարգացած քաղաքները։
Մասնակցության համար 23 դիմորդից ընտրեցի 5 հոգու ու ես իմ նախաձեռնած ծրագրով կարողացա 300 հոգանոց բնակչություն ունեցող գյուղին, որտեղ չկան վարսահարդարներ ու վարսավիրանոց, օգտակար լինել։ Նման ծրագրեր, իհարկե, իրականացվում են, բայց քաղաքներում՝ տեղահանվածների, բազմազավակների համար, բայց ոչ գյուղերում ու գյուղացու համար։ Ես ինքս տեղահանված եմ քաղաք Շուշիից, բայց որպես անհատ ես կազմակերպեցի ու իրագործեցի։ Շատերը չէին հավատում, որ կկարողանամ, մի քանիսը նույնիսկ անհամբեր սպասում էին, որ չհաջողեմ, բայց ես երբեք խոսքս ու գործս կիսատ չեմ թողնում։
Շնորհակալություն եմ հայտնում հատուկ մարդկանց, ովքեր ողջունեցին և օգնեցին ինձ իրագործելու իմ նախաձեռնած ծրագիրը։ Շնորհակալ եմ իմ ամուսնուն, ով իմ մտահղացման առաջին օրվանից օգնեց ու ինձ հետ հավասար ջանք չխնայեց, որ ես իրականացնեմ իմ ծրագիրը։
Աղջիկնե՛ր, շնորհավորում ու հաջողություններ եմ մաղթում», - ֆեյսբուքում գրել է Արևիկը։
Արևիկը նշում է, որ իր ծրագիրը շարունակական է լինելու, միայն թե ֆինանսական խնդիրներ կան։