12/12/2022 11:01
Ադրբեջանը ԼՂ-ում ցեղասպանություն է նախապատրաստում. փակել Լաչինի միջանցքը, նշանակում է ԼՂ հայությանը դատապարտել ցեղասպանության. Նիկոլ Փաշինյան
Ցեղասպանության սպառնալիքն ու վտանգը տարածաշրջանում դիտարկվում է որպես հրատապ կանխարգելման երևույթ, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների կողմից ահազանգվում է պոտենցիալ ցեղասպնությունը որպես սպառնալիք, ու ես կարծում եմ, որ այդ ահազանգերին մենք բոլորս ու միջազգային հանրությունը պետք է, իսկապես, լուրջ վերաբերվենք», - ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ այսօր Ադրբեջանի կողմից տեսանելի են հետևողական գործողություններ, որոնք ավելի ու ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը ԼՂ-ում ցեղասպանություն է նախապատրաստում:
«Ոմանք փորձում են Լաչինի միջանցքը զուգահեռել տարածաշրջանում գոյություն ունեցող այլ կոմունիկացիաների կամ հնարավոր վերագործարկվելիք կամ կառուցվելիք կոմունիկացիաների հետ, բայց պետք է ընդգծեմ, որ Լաչինի միջանցքը ցեղասպանության կանխարգելման միջանցք է, որովհետև փակել այդ միջանցքը, նշանակում է ԼՂ հայությանը դատապարտել ցեղասպանության՝ երեք տարբեր սցենարներով:
Առաջին սցենարը կարող է լինել զուտ հայաթափման սցենարը, երբ պարզապես ԼՂ հայերը հնարավորություն չունեն ապրել իրենց հողում, ու մենք այսպիսի մինի մոդելը տեսնում ենք Հադրութի շրջանում, որտեղ ոչ մի հայ չի ապրում: Հաջորդ սցենարը, որը կարող է իրագործվել, ինքնության կորուստն է, որը, կարծում եմ, նույնպես ցեղասպանության հնարավոր մոդելներից մեկն է, ու այսօր այն պայքարը, որն Ադրբեջանը մղում է ԼՂ տեղանունների դեմ ու պատմամշակութային հուշարձանների դեմ, դրա ամենավառ ապացույցն է: Երրորդ սցենարը բուն ֆիզիկական ոչնչացումն է, որի իրողությունն ու նախանշանները մենք տեսել ենք ու տեսնում ենք», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, թե ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը երկխոսությունն է ու համագործակցությունը, այդ թվում՝ Բաքվի ու Ստեփանակերտի միջև: