13/12/2022 19:38
Մանիպուլյացիայի հոգեբանական ազդեցությունը մարդկանց վրա. Խորհուրդներ հոգեբանից
Վերջերս հոգեբանական և տեղեկատվական ազդեցության թեմաներն այնքան արդիական են դարձել, որ դուրս են եկել մասնագետների հետաքրքրության շրջանակներից և տարածվել հասարակության առավել լայն շերտերի վրա: Aysor.am-ի հետ զրույցում հոգեբան Էդիտա Միկոյանն, անդրադառնալով մանիպուլյատիվ տեխնոլոգիաների կիրառությանը, ներկայացրեց դրանց ազդեցությունը մարդկանց հոգեբանության վրա։
«Մանիպուլյացիան սովորաբար հասկացվում է որպես գաղափարական և սոցիալ-հոգեբանական ազդեցության ուղիների համակարգ՝ մարդկանց մտածելակերպն ու վարքագիծը փոխելու իրենց շահերին հակառակ։
Մանիպուլյացիան իրականացվում է երեք հիմնական ուղղություններով՝ գաղափարական (քարոզչական), տնտեսական (գովազդային), սոցիալական (դաստիարակություն, կրթություն և այլն)՝ մարդու կամ սոցիալական խմբի աշխարհի մոդելի փոխակերպման միջոցով»,- ասաց հոգեբանը։
Մասնագետը նշեց, որ հիմնական հոգեբանական ազդեցությունները ստեղծվում են ուշադրության վերահսկման հիման վրա։ Հոգեբանական գործոնների համատարած օգտագործումը, կարծրատիպերը և ընկալման պատրանքներն օգնում են առավել խոցելի դարձնել դիմացինին և կառավարել վերջինիս վարքը:
«Արդյունքում՝ մանիպուլյացիան ուրիշին «տիրանալու», «ընտելացնելու» ցանկությունն է, մարդուն հնազանդ գործիքի վերածելու փորձը: Այն բնութագրվում է հմտությամբ, ճարտարությամբ և կատարման վարպետությամբ՝ ենթադրելով պատրանքի ստեղծում»,- ասաց նա։
Մանիպուլյացիայի հիմնական նշաններ են՝
հոգեբանական ազդեցություն,
մանիպուլյատորի հարաբերությունը մյուսի հետ,
միակողմանի հաղթանակ ստանալու ցանկություն,
ազդեցության թաքնված բնույթ,
հոգեբանական ուժի օգտագործում,
մոտիվացիոն ներդրում,
մանիպուլյատիվ գործողությունների իրականացման հմտություն։
«Այսպիսով, մանիպուլյացիան հոգեբանական ազդեցության մի տեսակ է, որի հմուտ իրականացումը հանգեցնում է մեկ այլ անձի մեջ մտադրությունների թաքնված գրգռմանը, որոնք չեն համընկնում նրա իրական ցանկություններին: Նման մարդկանց հետ շփման մեջ պետք է լինել առավել զգուշավոր, չվստահել յուրաքանչյուր խոսքին, և որ ամենակարևորն է, դադար վերցնել մտածելու համար. Հաճախ մարդիկ սխալվում են հենց վայրկյանական կայացրած որոշման պատճառով։ Մանիպուլյացիային զոհ չդառնալու համար, կարևոր է նաև, որ ինքներդ դադարեք մանիպուլացնել դիմացինին, քանի որ այստեղ ևս գործում է բումերանգի կանոնը»,- այս կարևոր խորհուրդով զրույցն ավարտեց հոգեբանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։