13/12/2022 15:29
Բժշկական հաստատություններում առկա դեղորայքային պաշարները կբավականացնեն մի քանի օր, այսպես շարունակվելու դեպքում Արցախը կկանգնի շատ լուրջ խնդրի առջև. Ստեփանյան
Արցախը շարունակում է մարտնչել և շարունակելու է. բոլորս հիմա պետք է միասնական ճակատով հանդես գանք, Երևանում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակմանը։
«Պետք է միասնական ջանքերով մեր ձայնը լսելի դարձնենք միջազգային տարբեր ատյաններում՚ Միջազգային հանրությանը կոչ ենք անում քայլեր ձեռնարկել և զսպել Ադրբեջանի հայատյաց, ցեղասպան քաղաքականության դրսևորումը և ամեն ինչ անել, որպեսզի ճանապարհը բացվի», - ասաց Դավիթ Բաբայանը։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նշեց, թե մարդու իրավունքների մասին միջազգային իրավունքն ամրագրում է, որ որևէ վայրկյան չպետք է խաթարվեն կենսապահովման համար անհրաժեշտ պայմանները.
«Իսկ մենք տեսնում ենք, որ 24 ժամ շարունակ խաթարված է Արցախում ապրող մարդու ամենատարրական իրավունքը։ Դա իրականացվում է անձամբ Ադրբեջանի նախագահի ուղղորդմամբ և հրահանգներով։ Այն թեզերը, որ շրջանառվում են՝ իբր բնապահպանական հարցեր և այլն, ամբողջությամբ կեղծ են»։
Պաշտպանն ասաց, թե տեղեկություններ կան, որ ճանապարհը փակած մարդիկ ադրբեջանական իշխանությունների կողմից ուղղորդվողներն են։
Ստեփանյանն ասաց նաև, թե ՄԻՊ հաստատությունն ահազանգեր է ստանում, որ բժշկական հաստատություններում առկա դեղորայքային պաշարները կբավականցնեն մի քանի օր, և այսպես շարունակվելու դեպքում Արցախը կկանգնի շատ լուրջ խնդրի առջև։
Նույնը, ըստ պաշտպանի, վերաբերում է նաև սննդամթերքի և էներգակիրների մատակարարումներին։