13/12/2022 13:51
Հայաստանի և Վրաստանի երկաթուղայինները պայմանավորվել են 2023թ. համագործակցության մասին
Օրերս Թբիլիսիում կայացել է «Վրացական երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Փերաձեի և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի հանդիպումը, որի ընթացքում նախանշվել են 2023 թվականին ընկերությունների համագործակցության ծրագրերը։
Մասնավորապես, հիմնական հարցերից մեկը «Վրացական երկաթուղի» ընկերության հետ սակագնային քաղաքականության համաձայնեցումն էր, որի շրջանակներում սահմանվել են սակագնային դրույքաչափեր հացահատիկային բեռների, եղեգնաշաքարի, ցեմենտի և ցեմենտի կլինկերի փոխադրման համար։ Փոխվել են նաև կոնտեյներներով բեռների փոխադրման դրույքաչափերը։
Հանդիպման շրջանակներում քննարկվել են նաև միջազգային ուղևորափոխադրումների զարգացմանն առնչվող հարցեր: Քննարկվել է 2023 թվականի ամառային ժամանակահատվածում Երևան-Բաթումի-Երևան գնացքի երթևեկության կարգը, կողմերը համաձայնության են եկել վերականգնել Երևան-Բաթումի-Երևան միջազգային ուղևորատար գնացքի ամենօրյա երթևեկությունը նախատեսող երթևեկության ժամանակացույցը։ 2023 թվականի 1-ին եռամսյակում կանցկացվի խորհրդակցություն
ՀԿԵ և «Վրացական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչների միջև Վրաստանի և Հայաստանի մաքսային և սահմանապահ մարմինների մասնակցությամբ ՝ ճանապարհին մաքսային և սահմանային հսկողության ընթացակարգերի կազմակերպման վերաբերյալ:
2023 թվականին նախատեսվում է նաև անցում կատարել «Օրիոն-2» ճամփորդական փաստաթղթերի վաճառքի նոր ծրագրային ապահովմանը՝ ֆունկցիոնալ հնարավորությունների ավելացմամբ և հաշվի առնելով ՀԿԵ-ի առաջարկները։ Ուղևորների համար այս ծառայությունը կտրամադրի բազմաթիվ նոր հնարավորություններ, որոնք հասանելի չէին համակարգի ներկայիս տարբերակում: