13/12/2022 23:24
Ադրբեջանական շրջափակման պատճառով արդեն երկրորդ օրն է՝ չեն կայանում միջպետական ուղևորափոխադրումները, ճանապարհին մնացած մարդկանց ժամանակավորապես տեղավորել են հյուրանոցներում
Արցախը Հայաստանին կապող միակ երթուղին Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով արդեն երկրորդ օրն է՝ չեն կայանում միջպետական ուղևորափոխադրումները, տեղեկացնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«Բազմաթիվ քաղաքացիներ գնված տոմսեր ունեն դեպի Երևան, Հայաստանի այլ մարզեր:
Ստեփանակերտ-Երևան իրականացվող կանոնավոր ուղևորափոխադրումների խափանման հետևանքով ճանապարհին մնացած շուրջ 100 ուղևորի Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ համատեղ, ժամանակավոր տեղավորել են Ստեփանակերտի և Գորիսի հյուրանոցներում ու հյուրատներում։
Ադրբեջանական շրջափակման պատճառով քաղաքացիներից շատերը, այդ թվում՝ անհապաղ բուժօգնության կարիք ունեցող հիվանդները, չեն կարողացել հասնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան՝ արտերկիր մեկնելու նպատակով: Միջազգային թռիչքները շարունակվում են իրականացվել առանց Արցախի քաղաքացիների: Արցախի Հանրապետության միակ օդնավակայանը նույնպես չի գործում ադրբեջանական սպառնալիքների պատճառով»,- նշված է հաղորդագրությունում: