13/12/2022 21:48
Ադրբեջանը պետական մակարդակով ահաբեկչական արարքներ է իրականացնում Արցախի բնակչության նկատմամբ․ Արման Թաթոյան
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության գազամատակարարումը դադարեցնելը, «Լաչինի միջանցքը» փակելը պետական մակարդակով ահաբեկչական արարքներ են Արցախի ողջ բնակչության նկատմամբ, հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Գազից, ջեռուցումից ու տաք ջրից մտադրված զրկել են 120 000-ից ավելի խաղաղ բնակիչների՝ երեխաների ու տարեցների, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարեզներ՝ առաջացնելով հիմանիտար աղետ և մարդկանց իրավունքների զանգվածային խախտումներ: Չեն գործում դպոցներն ու մանկապարտեզները:
Դրանից բացի, արդեն երկրորդ օրն է՝ «բնապահպան» ներկայացող Ադրբեջանի ակտիվիստները, իրականում` զինվորականներ ու պետական ծառայողներ, դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից փակ են պահում նաև Լաչինի միջանցքը՝ Շուշի – Քարին տակ հատվածում՝ կտրելով միակ կապը Հայաստանի ու Արցախի միջև:
Այս ամենը ոչ թե իրարից կտրված արարքներ են, այլ միասնական քաղաքականության, մեկ միասնական շղթայի բաղկացուցիչ մասեր են. ատելության ու թշնամանքի քաղաքականություն, որ ունի էթնիկ ու կրոնական հիմքեր:
Էլ ինչպե՞ս են լինում ցեղասպան քաղաքականությունը և էթնիկ զտումները: Տիպիկ քրեորեն պատժելի միջազգային հանցավոր վարքագիծ:
Այս հանցավոր քաղաքականության ապացույցները կուղարկվեն միջազգային կազմակերպություններին»,- սոցցանցի իր էջքում գրել է Արման Թաթոյանը: